
Պարզապես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ծավալումը, սպառելով թուրքական ժխտողականության դիրքերը, սահմանափակել է ճանաչմանը հակաքայլերով արձագանքելու Թուրքիայի հնարավորությունները: Սպառման գիտակցումը նրան հավասարակշռությունից հանում եւ խուճապի է մատնում: Խուճապային տրամադրություններով էլ նա ծովում խեղդվող մարդու նման կառչում է փրփուրներից:
Թերեւս այդպիսի մի փրփուր պետք է համարել Անկարայում գործող Լոբբիստական ռազմավարական հետազոտությունների կենտրոնը, որը արշավ է կազմակերպել, որ բողոքարկի այն երկրների որոշումները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը կամ կանգնեցրել Մեծ եղեռնի հուշարձաններ: Թվում է, թե այս արշավով նշված կենտրոնն էլ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի առնչությամբ Թուրքիայում մատնված խուճապն է արտահայտում, ինչի մասին նշել ենք:
Haberx.com-ի վկայությամբ, Լոբբիստական ռազմավարական հետազոտությունների կենտրոնը արշավի մասին տարածել է հաղորդագրություն, որտեղ ասված է. «1920-ին Աթաթուրթի ռուսներին ներկայացրած բողոքի նոտայից զատ, 1915-ից ի վեր Թուրքիայի արտգործնախարարությունը ոչ մի նոտա չի հղել Հայոց ցեղասպանությունը օրինագծով ճանաչող երկրներին: Ցեղասպանության ճանաչման օրինագիծն ընդունած երկրների թիվը 22 է, իսկ Մեծ եղեռնի հուշարձան կանգնեցրածներինըՙ 30: Ընդհանուր առմամբՙ աշխարհում այդպիսի 132 հուշարձան է կանգնեցվել: Մեր արշավին մասնակցողների թիվը գերազանցում է 10 հազարը: Մասնակիցների թվում են 300 պրոֆեսոր եւ 100 փաստաբան: Այս արշավով վերջ է դրվում մեր 97-ամյա լռությանը: Մենք Անկարայում հայերին աջակցող երկրների դեսպանատներին ցույց տվեցինք, որ թուրքերն այլեւս լուռ չեն մնալու»:
«Ազգ»















































