Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Բեգլարյանին Գյումրի բերողը ճանշինների «ատկատնե՞րն էին», թե՞ առաջիկա նախագահական ընտրությունները

Հունվար 10,2013 13:47

Երեկ աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ով բքաշունչ ձմռանը ուղեւորվել էր հյուսիս՝ սեփական աչքով տեսնելու ճանապարհների վիճակը ու բացահայտելու ճանապարհաշինական կազմակերպությունների թույլ տված ատկատները: Նա խորհրդակցություն անցկացրեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի մոտ, որտեղ եւ անչափ դժգոհեց «Հովհաննես Մարտիրոսյան» եւ «Ապարան ճանշին» ընկերություններից: Լրագրողները անմիջապես ենթադրեցին, որ փակ ճանապարհների հետ կապված նախարարի անհանգստությունը նախընտրական է. չէ՞ որ վաղը-մյուս օրը քարոզարշավներն են սկսվելու, նախագահ Սերժ Սարգսյանը գալու է մարզեր, հետեւաբար եւ բաց պետք է լինեն թեկուզեւ Աշոցքի ու Ամասիայի ամենահեռավոր, ձմռանը բլոկադայի ենթարկվող գյուղերի ճանապարհները: Նախարարը զգուշացրեց, որ մայրաքաղաք հասնելուն պես՝ կքննարկվի ճանապարհաշինական այն կազմակերպությունների հարցը, որոնք չեն կարողանում 100 տոկոսանոց սպասարկում կազմակերպել: «Օրինակ՝ մինչեւ Ապարան շատ լավ մաքրած է, Ապարանի մեջ եւ Ապարանից դուրս երեւում էր, որ նորմալ տեխնիկա չէր աշխատել, Արթիկի շրջան հենց մտանք՝ Շիրակի մարզ, բավականին լավ մաքրած էր»,- համեմատեց նախարարը:

Նշենք, որ երեկվա դրությամբ Շիրակի մարզում դժվարանցանելի, փակ էին ընդամենը 23 գյուղական ճանապարհներ: Նախագահական ընտրությունների հետ կապված հատուկ պատրաստություն տեսնելու վերաբերյալ էլ Գագիկ Բեգլարյանն ասաց, որ իրենց այսօրվա անհանգստությունը մյուս տարվա համար է, այսօրվանից աշխատում են, որպեսզի պատրաստ լինեն մյուս տարվա ձմռանը, այնպես որ՝ կապ չունի մոտալուտ նախագահական ընտրությունների հետ: Իսկ թե ինչպիսին են Գյումրու փողոցները տրանսպորտի նախարարի աչքերով՝ պարոն Բեգլարյանն ասաց. «Գյումրու ներսում ես չեմ նայել ճանապարհները, բայց այն ճանապարհով, որով ես եկա մարզպետարան ու տեսա քաղաքի մեջ, վատ չէր, մնացած թաղային մասերում չգիտեմ»: Գագիկ Բեգլարյանը նաեւ խոստացավ օգնել այն գյուղական համայնքներին, որոնց բյուջեն սուղ է, ու ձմռանը կտրվում են արտաքին աշխարհից: Ատկատների թեմայով խոսելիս էլ կատակեց. «Կոնկրետ հանձնարարել ենք, որ ընդհանրապես ատկատ չլինի»:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031