Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյան. «Ես 20 % եմ հավաքել, համարյա այնքան, ինչքան Լեւոն Տեր-Պետրոսյանը` իր 20-30 կուսակցությունների հետ միասին վերցրած»

Հունվար 11,2013 16:58

Այսօր Aravot.am-ը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանից հրավիրած ասուլիսում հետաքրքրվեց, այս նախընտրական փուլում պարբերաբար շահարկվում է Ձեր, ՕԵԿ-ի անունը, ասում են՝ չդառնալ ՕԵԿ, չդառնալ Արթուր Բաղդասարյան, Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Նա պատասխանեց. «Ասեմ ձեզ` Արթուր Բաղդասարյան դառնալ բավականին դժվար է: Դա դառնալու համար պետք է երկար ճանապարհ անցնել: Նույնը վերաբերում է ՕԵԿ-ին, որը 15 տարի քաղաքական դաշտում գործելով` ապացուցեց իր կենսունակությունը: Մի վերլուծություն կարող եք անել ձեզ համար` իսկ ովքե՞ր մնացին քաղաքական դաշտում` ի՞նչ տեսքով եւ ի՞նչ ազդեցությամբ: ՕԵԿ-ը միշտ էլ իր ընտրողների հետ եղել է ազնիվ ու շիտակ: Մենք երբեք բանսարկություններով, հոդված պատվիրելով չենք զբաղվել: Մենք մարդկանց չարախոսելով չենք զբաղվել: Ասել ենք` սա է մեր որոշումը: Ասել ենք բաց եւ շիտակ: Նախագահական ընտրությունների հետ կապված 2008-ին ստորագրել ենք փաստաթուղթ, ասել ենք՝ կաջակցենք՝ Սերժ Սագսյանին, մենք մեր խոսքի տերն ենք: Տեսե՞լ եք այս 5 տարվա մեջ որեւիցե մի շեղում` մեր ասած խոսքից: Չեք տեսել: Նախկինում էլ ինչ ասել ենք, ասել ենք շիտակ: Դրա լավագույն ապացույցը գիտե՞ք որն է: Չէի ուզում ասել, բայց դե լավ լուր է, պետք է ասեմ` վերջին շրջանում աննախադեպ հոսք է սկսվել դեպի ՕԵԿ: Մենք տասից ավելի կուսակցությունների հետ սերտ բանակցային գործընթացի մեջ ենք: Մարդիկ ուզում են մեզ հետ համագործակցել, մարդիկ ուզում են մեզ հետ ճանապարհ գալ: Հիմա գիտե՞ք ինչ կա` բոլորը հո չէի՞ն կարող մեզ ընդունել: Մեկը կընդունի, մյուսը` չի ընդունի: Հիմա մենք էլ պետք է չարչարվենք, որ չընդունողների թիվը քչանա, ընդունողներինը՝ շատանա: Այնպես որ, ՕԵԿ-ը վստահ քայլերով առաջ է գնում, մենք ունենք մեր տեղը, մեր դերը այս երկրում: Եվ այդ դերը ամեն օր գնալով ամրանալու է, որովհետեւ մենք գիտենք ուր ենք գնում` ինչպիսի մեխանիզմների կիրառմամբ: 5 տարի ինչքան լուտանք թափվեց ՕԵԿ-ի հասցեին: Բայց, միեւնույն է, ՕԵԿ-ը մասնակցեց ընտրություններին, ապացուցեց իր մրցունակությունը»:

Մեր հարցին` ընդդիմությունից դժվար չէ՞ր իշխանություն անցնելը` նա պատասխանեց. «Ես մինչեւ 2006-ը եղել եմ ԱԺ նախագահ: Եղել է տարաձայնություն երկրորդ նախագահի հետ` ես ինտրիգներ չեմ սարքել, արժանապատվորեն հրաժարական եմ տվել իմ պաշտոնից, իմ թիմն էլ իմ հետ միասին: Անցել է մեկ տարի, տեղի են ունեցել ընտրություններ, հավաքել եմ քվեներ, ընկել եմ 3-րդ տեղը` 20 տոկոս եմ հավաքել` համարյա այնքան, ինչքան Լեւոն Տեր-Պետրոսյանը` իր 20-30 կուսակցությունների հետ միասին վերցրած: Արդյունքում` հնչել է առաջարկ Սերժ Սարգսյանի կողմից՝ կազմել կոալիցիա: Մենք էլ այդ առաջարկն ընդունել ենք: 2003-ին ՕԵԿ-ը եղել է ով՝ երկրորդ խմբակցությունը: Նույն քվեները մենք ստացել ենք 2008-ին: Մեր համախոհների թիվը հաստատուն է: Ուղղակի մենք այս վերջին ընտրություններում, որ մուտք գործեցինք խորհրդարան, դա նույնպես ցույց տվեց մեր մրցունակությունը, որ մեր տեսակը կա, մեր օգտին քվեարկողներ կան: Մենք Հայաստանում եղել եւ շարունակում ենք լինել փոփոխությունների համար պայքարող ուժ»:

ՕԵԿ խմբակցության պատգամավորները եւ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պարբերաբար նշում են, որ եթե ընտրակաշառք, ընտրակեղծիքներ չլիներ, ՕԵԿ-ը ավելի շատ մանդատ կունենար այսօր: Ուստի Aravot.am-ի հարցին` Դուք է՞լ եք գտնում, որ ընտրակեղծիքներ են եղել` նա պատասխանեց. «Ինչ որ եղել` եղել է, ժողովուրդ: Գնանք առաջ: Բազմաթիվ գնահատականներ են հնչել, ասել են ՕԵԿ-ի դերակատարման մասին: Այսօր վերցրեք ԱԺ-ի քվեարկությունները, մեր 6 քվեները եւ նրանց ազդեցությունները որոշումների ընդունման վրա: Մենք այսօր կոալիցիայի լիարժեք անդամ ենք: Ստեղծված քաղաքական իրավիճակում ՕԵԿ-ի քաղաքական դիրքորոշումը շատ կարեւոր է, եւ այդ դիրքորոշումը մենք արտահայտում ենք մեր քվեարկությամբ: Իսկ թե ինչու ՕԵԿ-ն ունեցավ քիչ մանդատներ, դա բազմաթիվ գործոններից էր կախված` ստեղծված իրավիճակից եւ ՕԵԿ-ի դեմ իրականացված հակաքարոզչությունից: Բայց մենք այդ փուլն էլ անցանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031