Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում արդեն միջազգային դիտորդներն էլ վերահսկման կարիք ունեն

Հունվար 15,2013 13:56

Հայաստանի պառլամենտարիզմի ազգային կենտրոնը օրերս հայտարարություն է տարածել, որտեղ տեղեկացվում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության գործունեության  վերահսկման  խումբ  ստեղծելու նախաձեռնության մասին: Նման նախաձեռնության տեղիք է տվել այն փաստը, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը  Հայաստանում  դիտարկումներ  է  անցկացնում  1996թ.-ից, սակայն  հենց  այդ  տարվանից սկսած  ՀՀ  բոլոր  համապետական ընտրությունները  գնահատվել  են  ապօրինի:

Հայտարարություն մեջ նշված է. «Այսինքն, կա՛մ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն  է  անորակ  առաջարկություններ  տալիս,  կա՛մ  ՀՀ  իշխանությունները  չեն  կատարում  դրանք: Մասնավորապես, վերջերս  պարզվեց, որ  բացարձակորեն  չեն  կատարվել  նախորդ  ընտրության  վերաբերյալ  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և  ոչ  մի  առաջարկություն  կամ հանձնարարական: Այսինքն, մենք ընտրություն  ենք  անցկացնում  ի հակասություն  ԵԱՀԿ պահանջներին  և  պարտավորություններին, ինչպես  դա  նշված  է  ԱԺ 2012թ.-ի  ընտրության  վերաբերյալ  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  վերջնական  զեկույցում: Այս  պայմաններում, մտահոգության  տեղիք  են տալիս  ներկա  ընտրությունում    ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի   պատվիրակության  օրեր  առաջ  կայացած  մամուլի  ասուլիսում  նրա  ղեկավարի  մեկնարկային  ելույթում  տեղ  գտած  հակասական   հայտարարությունները: Ի դեպ, եթե  այդ  ելույթում  այդ  ղեկավարի  անունը  փոխարինենք  նախորդ  ընտրությունում  նույն  պատվիրակության  ղեկավարի  անունով, ոչինչ  չի  փոխվի, գրեթե  նույն  շաբլոնային  հայտարարություններն  են, մասնավորապես՝ «մենք եկել  ենք  դիտարկելու, այլ  ոչ  թե  քննադատելու, կամ  լինելու  ենք  անաչառ  և  այլն»: Կարծես, այդ  «այբուբենը»  մենք  չենք հասկանում:   Արդյունքում, դեսպան Հայդի Թալիավինին    ոչ  միայն  անհարգալից  վերաբերմունք  է  ցուցաբերում  մեր  հասարակության հանդեպ, այլև չի  պարզաբանում  կազմակերպական  մի  շարք  կարևոր  խնդիրներ, ինչպես նաև, տալիս  է  ժամանակավրեպ  գնահատականներ, խախտելով  իրենց  իսկ  Ուղեցույցի  պահանջները»:

Հայտարարության մեջ նաև տեղեկացվում է. «ԸՕՎՀ հանձնաժողովի  շրջանակներում  ստեղծել  ենք  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  դիտորդական առաքելության  գործունեության  վերահսկման  խումբ, որի  գլխավոր  նպատակն  է՝ միջազգային  և  հայաստանյան հանրությանը տեղեկացնել  այդ  առաքելության  գործունեության  մասին»:

«ՄԻ-96» կուսակցության նախագահ, ՀԱԿ քաղխորհրդի անդամ  Ռուբեն Թորոսյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք այս խմբի աշխատանքը կարո՞ղ է դրական արդյունքներ գրանցել և լուծել իր առջև դրված խնդիրը: Պարոն Թորոսյանը պատասխանեց. «Խմբի ստեղծումը  կրում  է ձեւական  բնույթ, քանի որ անկախ  դրանից, մենք վաղուց ենք  դիտարկումներ իրականացնում միջազգային դիտորդների  կողմից  ՀՀ  և  միջազգային  նորմերի  կատարման ուղղությամբ, ինչը  տեղ է  գտել  մեր  բոլոր  զեկույցներում: Ի դեպ, 2005 թ.-ի սահմանադրական հանրաքվեի միջազգային  դիտորդների  ապօրինի գործունեության առիթով, դիմել  ենք  նաև  միջազգային քրեական դատարան: Այս նախաձեռնությամբ տեղեկացնում ենք նաև  միջազգային հանրությանը  խնդրի  լրջության  մասին: Խմբում  ընդգրկված  են  մեր  կազմակերպության  2  անդամ, ինչպես նաև, միջազգային  մեր  3  գործընկերներ՝ փորձագետներ: Մենք  դրական արդյունք ենք համարում  միջազգային  դիտորդների  գործունեության  վերաբերյալ    օպերատիվ տեղեկատվության  տարածումը, քանի  որ, ցավոք, նրանք  են  որոշում  մեր  ընտրության  արդյունքը»:

Մեր այն դիտարկմանը, թե երկրում իրավիճակն այնքան է սրվել, որ անգամ դիտորդների՞ն պետք է վերահսկենք, պարոն Թորոսյանն այսպես արձագանքեց. «Իրավիճակը սրված  է այն  աստիճանի, որ  իշխանությունների  կողմից իրականացվող  զանգվածային  խախտումներին, այն  էլ  ԵԱՀԿ չափանիշների, այլևս չեն  արձագանքում  ո՛չ  թեկնածուները, ո՛չ ԶԼՄ-ները, ո՛չ տեղական  և  ո՛չ  էլ  միջազգային  դիտորդները: Իսկ  վերջիններս, առանց  որևէ  դիտարկման  հայտարարում  են, որ  «լավ»  ընտրություններ  են  կանխատեսում:

Եվ  դա այն պայմաններում, երբ  իշխանությունները  զանգվածային քարոզչություն են իրականացնում այն  մասին, որ  ներկա ընտրությունները  «ոչ մրցակցային են», այսինքն՝ չեն համապատասխանում  ԵԱՀԿ  չափանիշներին և, արդեն իսկ,  ապօրինի  են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031