Լրահոս
Օրվա լրահոսը

Ճգնաժամը Մակեյանի եւ Գիմիշյանի մոտ է

Հունվար 16,2013 13:19

Լյուդմիլա Սարգսյանը՝ ՀԱԿ-ում իշխանափոխություն անելու մասին

Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» եւ «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցությունների ղեկավարները՝ Պետրոս Մակեյանը եւ Սոս Գիմիշյանը, արդեն երկու օր է՝ պահանջում են, որ ՀԱԿ-ում «իշխանափոխություն» լինի: Նրանց կարծիքով՝ պետք է ՀԱԿ առաջնորդի եւ համակարգողի փոփոխություն լինի, քանի որ գտնում են, որ ճգնաժամը, որը ՀԱԿ-ում գոյություն ունի, առաջին նախագահի եւ Լեւոն Զուրաբյանի մեղքով է, քանի որ իրականություն չեն դարձել ՀԱԿ-ի հռչակած նպատակները: Ու եթե այդ ուղղությամբ կտրուկ քայլեր չլինեն, ապա, ՀԱԿ անդամ կուսակցությունների ղեկավարների կարծիքով, ընդդիմադիր քաղաքական դաշինքը փրկելը բավականին բարդ կլինի: Ինքը՝ ՀԱԿ համակարգողը, առայժմ չի շտապում արձագանքել իր դեմ սկսված ներքին արշավին: Համենայնդեպս, երեկ պարոն Զուրաբյանն այդպես էլ չարձագանքեց մեր հեռախոսազանգերին: Փոխարենը ՀԱԿ մեկ այլ անդամ՝ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն «Առավոտի» հետ զրույցում ՀԱԿ առաջնորդի փոփոխության մասին ասաց. «ՀԱԿ-ի գոյությունն ադեն իսկ պայմանավորված է առաջին նախագահի հեղինակությամբ, եւ որեւիցե մեկն այսօր չկա դաշտում, ով կարող է փոխարինել նրան՝ ակնկալելով, որ կարող է լրջագույն քաղաքական թիմի հետ աշխատել եւ պահել այդ թիմը: Ես չեմ էլ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա: Ավելին՝ առաջին նախագահը քաղաքականությոնից դուրս չի եկել եւ չի հրաժարվել ՀԱԿ առաջնորդի կարգավիճակից, որպեսզի նման հարց բարձրացվի: Ես կարծում եմ, որ նման հարց բարձրացնելն այնքան էլ բարոյական չէ»: Լյուդմիլա Սարգսյանը միամտություն է համարում այն կարծիքը, որ հնարավոր է գտնել Լեւոն Տեր-Պետրոսյանից ավելի լավ առաջնորդ, ով կարող է շարունակել հիմնադիր նախագահի սկսած գործը: ՀԱԿ  առաջնորդի եւ համակարգողի փոփոխության առաջարկությամբ միայն Պետրոս Մակեյանն ու Սոս Գիմիշյանն են հանդես եկել: ՀԱԿ անդամ մյուս կուսակցություններից նման առաջարկ չի հնչել: Տիկին Սարգսյանը որեւէ խնդիր չի տեսնում իրենց գործընկերների առաջարկի մեջ. «Գոյություն ունի քաղխորհուրդ, որտեղ կարող ենք դա քննարկել, եթե կլինեն այլ համախոհներ էլ»: Ի հակադրություն Մակեյանի եւ Գիմիշյանի՝ Լյուդմիլա Սարգսյանը ՀԱԿ-ում անառողջ մթնոլորտ եւ ճգնաժամ  չի տեսնում եւ առավել եւս՝ չի կարծում, որ դա պայմանավորված է Լեւոն Զուրաբյանի կամ որեւէ այլ անձով: «Լեւոն Զուրաբյանը նույնիսկ քվեարկելու իրավունք չունի: Հետեւաբար՝ եթե կարող են հիմնավորել իրենց դժգոհությունը եւ ասել, թե ո՞րն է նման պահանջի անհրաժեշտության պատճառը, կարող ենք քննարկել: Նորմալ եմ վերաբերվում Պետրոս Մակեյանին եւ հույս ունեմ, որ նա կկարողանա ինչ-որ ձեւով հիմնավորել  այդ պահանջը կամ էլ կհրաժարվի այդ մտքից»,- ասաց մեր զրուցակիցը: Ինչ մնում է ՀԱԿ-ում ճգնաժամի առկայությանը, տիկին Սարգսյանը հավելում է. «Հինգ տարի շարունակ նման լուրջ պայքարում այդ բազմաքանակ կուսակցական համակարգով միավորը նույն կայունությամբ պահպանելը շատ բարդ գործ է, եւ ես կասեի, որ նման բան դեռ ոչ մեկին չի հաջողվել: Մեզ հաջողվել է, ու ես կարծում եմ, որ հիմա մի շրջան է, երբ մենք պետք է վերանայենք մեր շատ մոտեցումներ: Չեմ բացառում, որ կառավարման համակարգում էլ ինչ-որ նորամուծություններ կարող ենք մտցնել: Բայց ես չեմ կարծում, որ կա ճգնաժամ, որը պետք է հաղթահարել: Մեր թիմը սովոր է ակտիվ գործունեության, իսկ հիմա մի շրջան է, երբ ՀԱԿ-ը չի մասնակցում նախագահական ընտրություններին. հավանաբար, ամեն մեկի մոտ կա անձնական ճգնաժամ»:

«Առավոտը» հետաքրքրվեց՝ գուցե իսկապե՞ս պարոն Զուրաբյանի հետ է խնդիրը, քանի որ վերջին շրջանում քանիցս շահարկվեց նրա անունը եւ տարբեր պատմությունների մեջ օգտագործվեց. կարո՞ղ են այդքան պատահականություններ լինել, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ դրանք պատահականություն չեն: Ես համոզված եմ, որ թիրախ է ընտրվել Լեւոն Զուրաբյանը, որովհետեւ ՀԱԿ համակարգողն ինքն է: Իշխանական շրջանակներում բոլորն են հասկանում, որ Լեւոն Զուրաբյանը շատ մոտ է կանգնած Լեւոն Տեր-Պետրոսյանին, ու նրան հարվածելով՝ փորձում են թուլացնել եւ ՀԱԿ-ին, եւ նախագահին: Վստահ եմ, որ դա չի հաջողվելու ոչ մեկին, քանի որ ամուր կանգնածները ավելի շատ են, քան այն մարդիկ, ովքեր ինչ-որ դժգոհություններ ունեն, եւ չեմ բացառում, որ մտածում են նաեւ ինչ-որ ներքին հեղաշրջումներ իրականացնելու մասին»:

Հարցին՝ Պետրոս Մակեյանին եւ Սոս Գիմիշյանին է՞լ եք մեղադրում իշխանությունների հետ համագործակցության մեջ, ՀԱԿ պատգամավորը հակադարձեց. «Ոչ, ես նման բան չասացի: Ես դա տեսնում եմ տարբեր վերլուծաբանների մեկնաբանություններում, տարբեր քաղաքական ուժերի եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների քննադատություններում»: Այս համատեքստում Լյուդմիլա Սարգսյանն ասաց նաեւ, որ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի զրույցի ձայնագրության մասին վաղուց էր հայտնի, բայց իշխանությունը դա հրապարակ նետեց ընտրությունների շեմին՝ փորձելով ազդել թիմի տրամադրությունների վրա: Ու, իր համոզմամբ, եթե այսօր ՀԱԿ համակարգողը չլիներ Լեւոն Զուրաբյանը, այլ մեկ ուրիշը, նույն գործընթացն էր լինելու:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031