Լրահոս
Օրվա լրահոսը

Անիի նախկին ոստիկանապետը ապաստան կխնդրի նաև Ադրբեջանից

Հունվար 16,2013 16:08

Այս մասին երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում լրագրողներին հայտնեց Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը, որի որդուն` 29-ամյա Հարությունին մեղադրում են Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուին սպանելու մեջ: Վերջինս պնդում է, որ իր որդին կապ չունի այդ սպանության հետ , սակայն ամեն ինչ անում են հանցագործությունը նրա վրա բարդելու համար:

Նա պատմեց հետևյալը. «Ինձ զանգեց Գյումրի քաղաքի բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանը` ասելով` պարոն Սարգսյան, Ձեր որդին եղել է ավտոլվացման կետում, ընտեղից մի մեքենա է եղել, վերջինը ձեր տղայի մեքենան է եղել, միգուցե ճանաչում է: Տղաս էդ ժամանակ տանը չէր, Վրաստանում էր, ասի` հենց եկավ Ձեզ տեղյակ կպահեմ: Տղաս եկել է, ոստիկանությունից զանգել են նորից, ասել եմ հիմա տղայիս հետ կգամ, ճնշումս բարձր պառկած էի: Գնացել եմ հետը ոստիկանություն, այնտեղ զրուցել եմ Կարենի հոր` Ռազմիկի հետ (ի նկատի ունի սպանված Կարեն Եսայանին.- Ն. Ա.), զրուցել եմ նաեւ դատախազ Թադևոսյան Մարտինի հետ, չգիտեմ ինչ կապ ուներ իրենց հետ: Մարդիկ լիարժեք համոզվեցին, որ ես կապ չունեմ , բայց բերման ենթարկելու որոշում են գրել գործի մեջ, իբրև տղայիս բերման են ենթարկել մեր տանից: Դիակը էդ ժամանակ դեռ չի հայտնաբերվել, չեն իմացել: Հեռու էդ տղայից, որ սպանված է, բայց իմ տղային սպանության համար էին մեղադրում, ինչի՞ց գիտեին. դիակը չեն կարողացել գտնել, դեպքի վայրը գտել են քաղաքապետարանի աշխատողները»:

Նախկին ոստիկանապետը նաև պնդում է, որ դեպքի վայրի կադրերը ամենևին էլ չեն փաստում այն մասին, որ իր որդին է մարդասպանը: «Ես տեսել եմ այդ կադրերը, երկու մեքենա է կանգած, մի մեքենան դիմացից, մի մեքենան էլ կռիլոն է, մեր ձևով ասած, ոչ մի համարանիշ չի երևում, ասում են` սա Կարենի մեքենան է: Իրենց բացատրելով, մեկն էլ Հարությունի մեքենան է, Կարենը դուռը բացում է հետևը կանգնած մեքենայի, հիմա չես կարող ասել, ի՞նքն է կանչել իր մոտ, թե՞ նա է իջել գնացել: Ինձանից եկել՝ փորձաքննություն նշանակելու համար 5 հատ լուսանկար են պահանջել, ես ասել եմ՝ տարեք մեր բոլոր ալբոմները: Տարել են 12 լուսանկար: Քննիչ Խաչիկ Հայրապետյանը, փորձաքննություն է նշանակել: Այսինքն մեքենա նստողը, դա էլ պարզ չէ Կարենը մեքենա ունեցե՞լ է, թե՞ չէ: Իրենք ենթադրում են, էդ տղան, ով նստել է Կարենի մեքնան, գլխին մազ կա, իսկ իմ տղայիս գլուխը սպիտակ է, տեսաք գլխին մազ չկար: Մի փոքր փորի հատվածը մեծ է, իսկ իմ էրեխի ականջներն են երևում, գլխից հնարավոր չէ չճանաչել: Ես կարող եմ ձեզ տրամադրել կադրերը, բայց էսպիսի շառով տալ, էսպիսի պատվերով աշխատել  չի կարելի: Ես սպասում եմ տղայիս 15 տարի տան, ես պատրաստվում եմ ցանկացած պետությունից Եվրադատարան դիմել: Ես գնալու եմ ամերիկյան դեսպանատուն` ապաստարան եմ խնդրելու, չտվեցին՝ գնալու եմ Թիֆլիս` Ադրբեջանի դեսպանատուն: Աշոցքում աշխատածս ժամանակ ադրբեջաներեն բոլորն էլ սովորել են, ռուսերեն էլ գիտեմ, ռուսական կրթություն ունեմ, կգնամ Ալիևի մոտ: Տանս դռներն էլ բաց կթողնեմ, ով եկավ՝ ապրավ, ապրավ: Բա կարելի՞ է էսպիսի ճնշում , էսպիսի հետապնդում»:

Նա նաև ասում է, որ ապօրինի զենք-զինամթերք կրելու մեղադրանքը հանել են տղայի վրայից, սակայն փոխարենը 188 հոդվածի 1-ին մասով նոր մեղադրանք են առաջադրել` շահութահարկ թաքցնելը, որ բացարձակապես կապ չունի սպանության հետ: «Ինչի՞ համար են դրել շահութահարկ, որ հիմք ունենան, որպեսզի կարողանան պահել, և դա արել են նոյեմբեր ամսին, որպեսզի կարողանան տղայիս պահել», -բողոքում է հայրը :

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031