Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիական համախմբման մասին հայտարարություն

Փետրվար 02,2013 18:20

Մենք՝ ներքոհիշյալ քաղաքացիական առանձին նախաձեռնությունների անդամներս, ովքեր ոտքի են կանգնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության համար՝խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների մահվան իրական հանգամանքների բացահայտման ու արդար դատաստանի

Թեղուտի էկոհամակարգի

Թռչկանի ջրվեժի

Մաշտոցի պուրակի և հանրային այլ տարածքների պաշտպանության

Ճարտարապետական միջավայրի, մշակութային օբյեկտների պահպանման

քաղաքական նպատակներով հետապնդվող քաղաքացիների իրավունքների պաշտպանության

մենաշնորհներից փոքր և միջին բիզնեսի պաշտպանության

սոցիալական արդարության, ազգային եկամտի արդար բաշխման

սահմանամերձ համայնքների բնակչության սոցիալական խնդիրների լուծման համար,

մեր պայքարների ընթացքում հանգել ենք այն համոզման, որ այս բոլոր խնդիրների առաջացման պատճառը պետական համակարգի տարվող քաղաքականությունն է՝ հանրապետության նախագահից մինչև ստորին օղակի պաշտոնյանի ամբարտավան վերաբերմունքը ՀՀ Սահմանադրության և հանրության նկատմամբ: Իշխող համակարգը Հայաստանում ստեղծել է համակարգային կոռուպցիոն բուրգ՝ ուզուրպացնելով վարչական լծակները և 2008 թ. մարտի 1-ի դեպքերի արդյունքում խաղաղ հավաքի մասնակիցներին սպանելով՝ պահել է իր իշխանությունը:

ՀՀ բնության ոչնչացման, բնական պաշարների անխնա գերշահագործման, պատմամշակութային ժառանգության նկատմամբ ցուցաբերվող անտարբերության, քաղաքաշինական խեղումների, օլիգարխների, նրանց թիկնապահների ամենաթողության, անպատժելիության, քաղաքացիների իրավունքների ու հիմնարար ազատությունների ոտնահարման, սոցիալական աղաղակող անարդարության հիմքում ինքն իրեն շարունակաբար վերարտադրող քրեաօլիգարխիկ իշխանական համակարգի շահերն են:

Այսպիսով.

-Գիտակցելով, որ կեղծիքով ձևավորված վարչակարգի պայմաններում պետական պաշտոնյաները շահագրգռված չեն լուծել հանրային խնդիրները,

– կարևորելով քաղաքացիական նախաձեռնությունների ինքնուրույն և ակտիվ դիրքորոշումը հանրապետության համար կարևոր քաղաքական գործընթացի՝ նախագահական ընտրությունների շրջանում,

– ընդգծելով, որ հարգում ենք յուրաքանչյուր անդամի անհատական կողմնորոշումը, սակայն որպես նախաձեռնություններ մաս չենք կազմում որևէ ուժի և չենք աջակցում առանձին թեկնածուի:

Հայտարարում ենք քաղաքացիական նախաձեռնությունների համընդհանուր պլատֆորմ ստեղծելու մասին, որի նպատակն է.

Ազդել քաղաքական դաշտում տեղի ունեցող վերադասավորումների վրա՝ նաև ընտրությունների ժամանակ, դառնալով ՀՀ քաղաքացիների համընդհանուր պահանջները ձևակերպող և քաղաքական ուժերին պատվիրակող օղակ:
Նպաստել Հայաստանում քաղաքական օրակարգերի ձևավորմանանը և համագործակցել բոլոր ընդդիմադիր ուժերի հետ՝ երկրի հասարակական և քաղաքական կյանքում հառնող մարտահրավերներին դիմագրավելու համար:
Դիմելով ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածուներին և բոլոր քաղաքական ուժերին’

ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ.

– սկսել հրապարակային քննարկումներ՝ թույլ չտալու այս ընտրությունների կեղծ ընթացքի պարագայում դրանց օրինականացումն ու քրեաօլիգարխիկ համակարգի վերարտադրությունը,

– հանրային քննարկումների միջոցով միավորել իրենց ծրագրերը և ստեղծել մասնակցային ժողովրդավարության, սոցիալական արդարության վրա հիմնված տնտեսության և ապակենտրոնացված կառավարման սկզբունքների վրա հիմնված մեկ ընդհանուր հայեցակարգ, և 2013 թ. նախագահական ընտրությունների շրջանում հանդես գալ այդ հայեցակարգի դիրքերից։

Միայն այդ պարագայում հնարավոր կլինի ձևակերպել հանրության դիրքորոշումը և իրական կապ ստեղծել բարձր իրավագիտակցություն ունեցող քաղաքացիական հատվածի և քաղաքական շրջանակների միջև:

«Բանակն իրականում» ք/ն

«Թռչկան» ք/ն

«Թեղուտի պաշտպանության» ք/ն

«Մենք ենք այս քաղաքի տերը» ք/ն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728