Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆին հորդորում է իր վրա «կարատե» ցույց տալ (Տեսանյութ)

Փետրվար 04,2013 22:22

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը՝ Քասախում:

–         Իսկ ճի՞շտ է, Րաֆֆի Հովհաննիսյա՛ն, որ մի ամսից պիտի եռագույնը փոխվի

–         Իսկ դու ուզո՞ւմ ես փոխվի:

         Հա, ես ուզում եմ կարմիր, սպիտակ, հետո խաչ, հետո մի հատ սպիտակ ու նարնջագույն…

–         Էդպե՞ս եք ուզում, ես դեմ եմ, իհարկե, բայց կգանք այստեղ բանավեճ կանենք, տեսնենք ով ավելի ուժեղ պատճառ կբերի:

–         Իհարկե, Դուք:

–         Չէէէ, դուք շատ բան պիտի փոխեք: Եթե կուզեք՝ դրոշակ պիտի փոխեք, բայց պիտի ասեք՝ ինչու:

Սա նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Քասախ գյուղի երեխաների հետ զրույցից մի հատված է: Երեխաները փողոցում սկսեցին ուղեկցել Րաֆֆի Հովհաննիսյանին ու միաժամանակ հարցեր տալ՝ «Րաֆֆի Հովհաննիսյա՛ն, գիտեք, մենք կարատեի ենք գնում, ես գծիկ ունեմ…իսկ ես՝ կապույտ գոտի»: Րաֆֆի Հովհաննիսյանի հարցին՝ իսկ ամենավերջինը ո՞րն է, երեխաները տեղեկացրին՝ սեւ գոտի: Րաֆֆի Հովհաննիսյանն ուղղեց՝ սեւ գոտուց հետո եռագույն գոտին է, ճի՞շտ է: Նա կարատեիստ երեխաներին հորդորեց իր վրա «կարատե ցույց տալ»: Սակայն երեխաներն ամաչեցին:

Երեխաները համոզված էին, որ մեր դրոշը շատ հին է ու պետք է փոխվի: Րաֆֆի Հովհաննիսյանը համոզեց նրանց, որ դրոշը թողնեն, փոխեն Հայաստանը. «Կարող է հին դրոշակը նոր Հայաստանի համար հարմար լինի, չե՞ք կարծում»:

Նախագահի թեկնածուն երեխաներին ասաց, որ հնարավոր է ինքը ծեր է եւ վարժվել է պետական դրոշին, սիրում է այն, բայց եթե նոր սերունդը որոշի… Երեխաները միմյանց հերթ չէին տալիս, ընդհատում էին Րաֆֆի Հովհաննիսյանին ու փորձում պատմել, թե ինչ պատվոգրեր ունեն, հեռուստացույցով ում են երբեւէ ցույց տվել եւ նման բաներ: Վերջում պարոն Հովհաննիսյանը «ժողով» արեց երեխաների հետ ու նրանց ականջին ինչ-որ բան փսփսաց: Թե ինչ՝ մնաց թեկնածուի եւ այդ երեխաների գաղտնիքը:

Երեխաները հեռացան «Ժառանգության» առաջնորդի բուկլետների մի տրցակ ձեռքերում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728