

«Ժողովրդավարությունը սկսվում է քեզնից» ծրագրի շնորհիվ Հարավային Կովկասի ուսուցիչները ծանոթանում են ուսուցման ժամանակակից մեթոդներին, իսկ աշակերտները` հնարավորություն ստանում սեփական փորձով զգալ ժողովրդավարության գործնական դրսեւորումները: Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը նշեց, որ ծրագիրը կամփոփի արդյունքները ապրիլին, սակայն հաջողություններն արդեն ակնհայտ են` նվիրյալ թիմի աշխատանքների շնորհիվ: «Մինչ ծրագրի մեկնարկը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը եւ Եվրոպայի խորհուրդը Երեւանի, Թբիլիսիի եւ Բաքվի քաղաքական դասընթացների դպրոցների հետ անցկացրեց քննարկումներ, որոնցում շեշտվում էր այն հանգամանքը, որ ժողովրդավարության մասին գիտելիքները երեխաներին պետք է փոխանցել հենց դպրոցից»,-հավելեց պարոն Զաքարյանը:
Դիմելով մասնակից աշակերտներին` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կոչ արեց չմոռանալ նաեւ մեր հարեւան երկրների աշակերտներին. «Լավ իմաստով մենք «դատապարտված» ենք ապրել իրար հետ կողք-կողքի: Չմոռանանք, որ կան նաեւ ադրբեջանցի երեխաներ, ովքեր այս պահին Հայաստանում չեն, որովհետեւ զոհ են իրենց երկրի ղեկավարության քաղաքական խաղերին եւ դիրքորոշմանը: Երբեք չվանեք նրանց ձեզանից: Ամենալավ պատասխանն ատելությանը հարգանքն է եւ մարդկային մոտեցումը: Այսօր մեծանում է սերունդ, որը հարկ եղած դեպքում պատրաստ է պաշտպանել իր երկրի հանդեպ դրսեւորած ոտնձգություննները»: Նախարարը հավելեց, որ «ժողովրդավարություն» եւ «հայրենասիրություն» գաղափարների միջեւ հավասարության նշան է դնում. «Եթե նախկինում ժողովրդավարություն հասկացությունը ենթադրում էր հավասար լինելու իրավունքներ, ապա այսօր` հավասար իրավունքներ` տարբեր լինելու համար»:
Aravot.am-ի հետ զրույցում Արմավիրի մարզի համար 1 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Լենա Զաքարյանը նշեց, որ ծրագրին մասնակցում է դպրոցում անցկացված ընտրական փուլը հաղթահարելու արդյունքում: «Ես ծանոթացա իմ հարեւանների հետ, որոնց իրոք բարի-դրացիական են: Կուզենայի, որ նաեւ ադրբեջանցի աշակերտներ լինեին մեզ հետ, որպեսզի կարողանայի նրանց ապացուցել, որ իմ մեջ սերմնացած չի թունոտ մտածելակերպ, ես հավասար եմ վերաբերվում նրանց: Շատ ուրախ կլինեի նաեւ նրանց այստեղ տեսնել»-ասաց աշակերտուհին:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































