
Անդրադառնալով այս հատվածում կառուցվող հյուրանոցի նախագծին՝ շեշտենք, որ այստեղ (ինչպես նաև փոքր- ինչ վերև գտնվող «Մուլտի Գրուպ» ընկերության կողմից կառուցվող հյուրանոցի դեպքում) քաղաքաշինական բոլոր նորմերը պահպանվում են, և այս առումով Երևանի քաղաքապետարանն ու մշակույթի նախարարությունը իրենց տեսակետները՝ համապատասխան հիմնավորումներով, բազմիցս արտահայտել են:
Խոսվում է, թե հյուրանոցի կառուցումը կխաթարի քաղաքի այս հատվածի երթևեկությանը, ինչը նույնպես իրականությանը չի համապատասխանում, քանի որ տարածքում, մասամբ նաև՝ կառուցապատողի հաշվին կառուցվում է նոր փողոց՝ Հին երևանցու փողոցի շարունակությունը հանդիսացող Լալայանց փողոցը, որը լիարժեք կերպով կապահովի է նաև այդ խնդրի լուծումը:
Ինչ վերաբերում է «Նարեկ Սարգսյան» արվեստանոցի կողմից հյուրանոցի նախագծի մշակմանը, ապա շեշտենք, որ այն Հյուսիսային պողոտայի կառուցապատման նախագծերի շրջանակում է եղել: Վերջինս մշակվել է դեռևս 2006 թվականին, երբ Նարեկ Սարգսյանը որևէ պետական պաշտոն չէր զբաղեցնում (ի դեպ, նա ստեղծագործական աշխատանքով զբաղվելու լիարժեք ազատություն ունի) : Նկատենք որ, հյուրանոցի կառուցման հետ կապված ձգձգումները կապված են եղել իրացման խնդիրների հետ, որի ավարտից հետո է շինարարություն ծավալվել:
Իսկ այս համատեքստում կոռուպցիոն գործարք տեսնողները համանման մեղադրանքներ կարող են ներկայացնել նախորդ բոլոր գլխավոր ճարտարապետներին, մասնավորապես,. Ն. Բունիաթյանին՝ «Երևան» հյուրանոցը նախագծելու, Մարկ Գրիգորյանին՝ «Արմենիա» հյուրանոցը, Պատկերասրահի և Ազգային ժողովի շենքերը, ՀՀ նախագահի նստավայրը, բազմաթիվ բնակելի շենքեր նախագծելու, կամ՝ Գ. Աղաբաբյանին՝ մի շարք շուկաների շենքերի, բնակելի համալիրների, Ջիմ Թորոսյանին՝ Երևանի քաղաքապետարանի, «Կասկադ» համալիրի շենքերի նախագծման համար:
Ցանկը կարելի է շարունակել…
Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի օգնական՝ հանրային կապերի գծով Անահիտ Եսայան


















































