Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմոյանի գիրքն ամփոփում է Ցեղասպանությանն ու հաղթանակներին առնչվող խորհրդանշանները (Տեսանյութ)

Փետրվար 16,2013 15:10
PrevPhoto
NextPhoto

«Հայկական ազգային խորհրդանշաններ» գրքում ներառված է շուրջ 1300 լուսանկար

Այսօր «Անի Պլազա’ համալիրի «Անի» սրահում տեղի ունեցավ պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի «Հայկական ազգային խորհրդանշաններ» գրքի շնորհանդեսը: Գրքում ներառված է շուրջ 1300 լուսանկար, որոնք ներկայացնում են հայկական զինանշանների, դրոշների, ազգային խորհրդանշանների ու պարգևների պատմությունը` հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Հեղինակը տեղեկացրեց, որ արխիվներում ուսումնասիրություններ կատարելուց հետո արձանագրեց. «Կորստի, ցավի խորհրդանշաններից զատ կան նաեւ մաքառման, պայքարի ու հաղթանակի խորհրդանշաններ: Երբ խոսում ենք մահվան եւ կորստի մասին, պետք է հաշվի առնել նաեւ պայքարը եւ հաղթանակը: Պատկերագրությունը ցույց է տալիս, որ ազգը հարատեւում է: Պետականության վերականգնումը հնարավոր է դարձել պատկերագրության միջոցով` մեդալ, զինանշաններ, դրոշմներ, որոնցով հավաքական ամբողջություն է ստեղծվում` ցեղից ազգ տանող ճանապարհին»: Դեմոյանը հավելեց, որ գրքում ընդգրկված են նաեւ ցեղասպանությանն առնչվող խորհրդանշաններ:

Դեմոյանի խոսքով. «Գրքի նյութն իրականում ահռելի է, անգամ սփյուռքում կարելի է բազմաթիվ նյութեր գտնել: Գիրքը մեծ արձագանք է գտել սփյուռքում կազմակերպված միկրոշնորհանդեսների արդյունքում»:

Դեմոյանի փոխանցմամբ` գիրքը լույս  է տեսել 4000 օրինակով, իսկ շուրջ 1200 կտոր  կնվիրաբերվի ՀՀ եւ ԼՂՀ դպրոցներին ու գրադարաններին:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ գիրքը կազմելու մտահաղացումը Դեմոյանը վաղուց է ունեցել. «Գիրքն ունի փայլուն պոլիգրաֆիա, հետաքրքրիր բովանդակություն եւ պարունակում է այն նյութը, որ միշտ պակասում է մեզ»: Նախարարի համոզմամբ` ՀՀ ամենապատասխանատու օրենքը պետական խորհրդանիշների մասին օրենքն է. «Դրա քննարկումների ժամանակ մենք իրավունք չունենինք սխալվելու եւ էմոցիաներին տրվելու: Մենք եկել ենք մեր ազգային խորհրդանիշների ճանապարհով, որը մեր ժողովրդի պատմությունն է ներկայացնում` հերոսական էջերով: Այսօր հպարտությամբ կարող ենք ասել, որ կրում ենք գրքում ներկայացված արժեքները»:

ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտախատող Հարություն Մարությանը փաստեց, որ  ԽՍՀՄ տարիներին ազգային խորհրդանիշների նկատմամբ արգելքներ եւ գաղափարական կապանքներ էին սահմանված. «Գաղափարախոսությունը ցանկացած պատկերի մեջ իր նկատմամբ վտանգ էր տեսնում: Անկախություն ձեռք բերելուց հետո խորհրդանշանների հանդեպ վերաբերմունքը փոխվեց, եւ վերջիններս արտացոլվեցին գիտության մեջ: Լույս տեսավ Ռաֆայել Մադաթյանի «Հայկական զինանշանները», Ցեսապանության թանգանարը նախաձեռնեց «Հայոց պատմությունը եւ ռազմարվեստը» շարքը: Առհասարակ, խորհրդանշանները մասն են կազմում գիտության եւ արվեստի խաչմերուկում գտնվող պատկերագրության, որի միջոցով տեղեկատվությունը սերնդե սերունդ փոխանցելու մեխանիզմը հնուց է հայտնի»:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728