
Ժյուրիի կազմի նախագահը ներկայացրեց բանաստեղծի կյանքի ուղին եւ կարեւորեց այսպիսի միջոցառման անցկացումը. « Սա իսկապես մեծ հաջողություն է, որովհետեւ հայրենիք- սփյուռք կապըեւ դրանց միջեւ կենդանի խորհրդակցությունը այլ կերպ չէինք էլ կարող երեւակայել »:
Իսկ Արցախի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը շեշտեց հատկապես այն փաստը, որ նման միջոցառումը կապող միջոց է Արցախի եւ Հայաստանի համար` նշելով,որ սա հատկապես կարեւոր է Արցախի եւ Կիլիկյան վարժարանի սաների համար:
Մրցույթ- փառատոնի մասին իր կարծիքը «Առավոտին» հայտնեց նաեւ դերասանուհի Էլվիրա Շահինյանը. «Արդեն հինգերորդ տարին է, որ անցկացվում է այսպիսի մրցույթ- փառատոն, եւ ամենագովելին այն է, որ այսօրվա դպրոցականները գիրք են կարդում, սիրում են գրականություն, արվեստ: Ես մեծ հաճույքով եմ մասնակցում այս փառատոնին` իբրեւ ժյուրիի անդամ: Ես զգում եմ այդ փոքրիկ երեխաների հուզմունքը բեմ բարձրանալուց առաջ, ինչ մեծ սեր ունեն նրանք հայոց լեզվի նկատմամբ: Դա շատ գովելի է»:
Կարդացեք նաև
Նշված վեց դպրոցներից մասնակիցների ընդհանուր թիվը վաթսուն է: Եւ շուրջ երեք ժամ տեւած ասմունքի մրցույթի այս փուլը հաջողությամբ հաղթահարեցին քսաներկու մասնակից` երկուսը Բերձորի, երեքական մասնակից Ստեփանավանի, Գյումրիի, Երեւանի դպրոցներից, հինգական սան Արագածոտնից ու Կիլիկյան վարժարանից:
Հաջորդ փուլը կլինի վերջինը` երեք մրցանակային տեղերով եւ տասնինը խրախուսական մրցանակներով:
Գոհար ՍԱՅԱԴՅԱՆ


















































