
ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով՝ Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ: Հանձնաժողովի քարտուղար Լ. Ստեփանյանը մասնակիցներին ներկայացրեց պետության և հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերով իրականացված աշխատանքները: Ներկայացվեց ՀՀ մուտքի արտոնագրերի, կացության կարգավիճակի, վարորդական իրավունքի տրամադրման ընթացակարգի հեշտացման, կրթական, առողջապահական խնդիրների լուծման նպատակով կատարված օրենսդրական փոփոխությունները: Ներկայացվեց Երևանի քաղաքապետարանի կողմից երևանաբնակ սիրիահայերի սոցիալական աջակցությանն ուղղված ծրագրերը: Գործարար ոլորտում կարևորվեց ՓՄՁ ԶԱԿ-ի ցուցաբերած աջակցությունը սիրիահայերին, բիզնես-ծրագրերի վարկավորմամբ:
Հայաստան տեղափոխված սիրիահայերի համար այժմ առաջնահերթ լուծում պահանջող կարևորագույն խնդիրները շարունակում են մնալ կեցության և աշխատանքով ապահովելու հարցերը: Հ. Հակոբյանը նշեց, որ մշակման փուլում է սիրիահայերին երևանամերձ բնակավայրերում բնակարանաշինության հնարավորություն ընձեռելու ծրագիրը: Իսկ Սիրիայում ծանր կացության մեջ գտնվող մեր հայրենակիցներին ՀՀ նախագահի հանձնարարությամբ առաջիկա ամիսներին կտրամադրվի ամսական 100 հազար ԱՄՆ դոլարի օգնություն:
Հանդիպման մասնակիցներին ներկայացվեց Արման Սաղաթելյանի՝ «Արաբական գարնան սիրիական աշունը» հեղինակային ֆիլմը: Հեղինակը ներկայացրեց ֆիլմի ստեղծման պատմությունը: Ֆիլմը պատմում է պատերազմի թեժ օրերին Հալեպի «Նոր գյուղ» (Մեյդան) թաղամասում բնակվող հայ համայնքի ծանր վիճակի մասին:
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին տեղի ունեցավ ակտիվ քննարկում, կարծիքների փոխանակում: Կազմակերպությունների ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին հետագայում ևս շարունակել և ակտիվացնել համագործակցությունը, ինչպես սիրիահայերի աջակցության, այնպես էլ հայապահպանական նշանակության հարցերի լուծման ուղղությամբ, եղան սիրիահայերին աջակցելու կոնկրետ առաջարկներ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

















































