Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը՝ Պռոշյանի գյուղապետի սպանության գործը «քաղաքական հողից» շեղելու մասին

Ապրիլ 04,2013 20:38

«Մեր պահանջը հետեւողական է լինելու , որ գործի բացահայտման ուղղությամբ կոնկրետ քայլեր իրականացվեն: Եթե այդքան արագ արդեն ձերբակալվածներ կան, հույս է ներշնչում, որ այս գործը լիարժեք բացահայտում կունենա»,- Aravot.am-ին ասաց Աժ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Պռոշյան համայնքի դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով նույն գյուղի բնակիչներ   Արայիկ եւ Արտակ Պետրոսյանների ձերբակալությանը:

Պարոն Մինասյանից հետաքրքրվեցինք՝ սպանված գյուղապետի համագյուղացիների ձերբակալությունը որպես կասկածյալ չի՞ շեղում սպանությունը քաղաքական հողից դեպի կենցաղային հող: Հիշեցնենք, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդել էր, որ սպանությունը քաղաքական ենթատեքստ ունի. « …փորձել ինչ-որ կենցաղային դաշտ տեղափոխել, նշանակում է շեղել քննությունը»:

Հիշեցնենք նաեւ, որ մամուլում որպես հիմնական կասկածյալ շրջանառվում էր ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանի անունը, ով Պռոշյանի գյուղապետի թեկնածու է եղել եւ լարված հարաբերությունների մեջ է եղել Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի հետ:

«Անհանդուրժողոկանության, անարդարության, անպատասխանատվության մթնոլորտի պայմաններում այդպիսի հանցագործությունները եւ այդպիսի տեսակի նկատմամբ կատարված հանցագործությունները գնդակ են արձակված պետականության նկատմամբ: Այդքանով քաղաքական հող ունի: Բայց կազմակերպիչների եւ այլնի տեսակետից հիմքեր չունենք պնդելու նման բան: Ինչ վերաբերում է գործի շեղումներին եւ այլն, այս պահին նման պնդումներ չեմ կարող անել: Գործը նախաքննության փուլում է, հիմա չեմ տա գնահատականներ, քննության ընթացքում, ըստ իրավիճակի,  մեր գնահատականները կտանք»,-ասաց պարոն Մինասյանը:

Պարոն Մինասյանը նաեւ ասաց, որ թեեւ գյուղապետի նկատմամբ մշտապես ճնշումներ են եղել, բայց այդ ճնշումները որպես սպանության հիմք ու պատճառ իրենք չեն ուզում համարել. «Հերոս անձնավորութունը ոստիկանություն հաղորդագրություն տար, որ իր նկատմամբ լարվածություն կա՞: Քանի նման հերոս կա, որ նման հայտարարություն կաներ: Իր  նկատմամբ,  իր շուրջ ստեղծվող լարվածությունն ակնհայտ էր՝ կար, մենք չենք ուզում մտածել, որ հատկապես դա է պատճառ հանդիսացել, բայց իր նկատմամբ,  որպես համայնքի դաշնակցական ղեկավարի, միշտ եղել է լարվածություն եւ իշխանություններն անընդհատ փորձել են խոչընդոտել նրան ընտրություններում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930