Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը կազատվի «հոգնած ու հղփացած» կադրերից, «Առաքելությունը»` օլիգարխ գծատերերից

Ապրիլ 12,2013 18:04
oek

Մինչ ներկայիս` գործող մայրաքաղաքային իշխանությունները վստահեցնում են, որ երեւանցիների համար այդքան ցավոտ աղբահանության խնդիրը հաղթահարված է,

«Օրինաց Երկիր» կուսակցության` Երեւանի ավագանու թեկնածուները գտնում են, որ հատկապես այդ հարցում քաղաքային տնտեսությունում շատ անելիքներ կան: Երեւանի ավագանում ՕԵԿ-ի նախընտրական ծրագրի «Մաքուր եւ բարեկարգ մայրաքաղաք» խորագրի ներքո ՕԵԿ թեկնածուները խոստանում են լուծել «աղբահանության ցավոտ հիմնախնդիրը»:

Նրանք շեշտը դնելու են նաեւ Երեւանի բոլոր փողոցների բարեկարգման, լուսավորության վրա, ձեւավորելու են բնապահպանական նոր քաղաքականություն`զարկ տալով կանաչ ճարտարապետության ավանդույթներին:
ՕԵԿ-ը վարելու է «մարդակենտրոն» գործելաոճ. հենց այդ նպատակով էլ այս կուսակցության ավագանու թեկնածուների կարգախոսն է` «Քաղաքային իշխանությունը պետք է ծառայի երեւանցուն»: ՕԵԿ-ն իր ծրագրի մի կետով խոստանում է աշխատատեղեր ստեղծել, մեկ այլ կետով ասում, որ քաղաքային իշխանություն դառնալու դեպքում «կտրուկ կադրային փոփոխություններ է իրականացնելու` ձերբազատվելով լճացած, հոգնած եւ հղփացած կադրերից»:
ՕԵԿ-ը կօպտիմալացնի քաղաքի կառավարման մարմինների համակարգը, կկարգավորի կառուցապատումը:
Այս կուսակցությունն իր վրա է վերցնում նաեւ հարկային մարմինների գործառույթը` վստահեցնելով, որ կխթանի եւ կաջակցի փոքր եւ միջին ձեռնարկություններին, որոնք կստեղծեն նոր աշխատատեղեր:
«Առաքելություն» կուսակցության` Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական ծրագիրն, ի տարբերություն ՕԵԿ-ի ծրագրի ընդհանրական դրույթների` ավելի կոնկրետ խոստումներ է տալիս. «Առաքելություն»-ը Երեանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելու դեպքում խոստանում է նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշումներից մեկը չեղյալ հայտարարել եւ Մետրոպոլիտենի ուղեվարձը ներկայիս 100 դրամից կրկին դարձնել 50 դրամ: Իսկ դպրոցականներին, ուսանողներին ու թոշակառուներին` անվճար սպասարկել:

«Առաքելություն»-ը որոշել է օլիգարխ գծատերերից հետ վերցնել երթուղագծերը` հասարակական տրանսպորտի սպասարկումը դարձնելով բացառապես քաղաքապետարանի մենաշնորհը: Այս կուսակցության թեկնածուները քաղաքապետարանը ղեկավարելու դեպքում կլուծեն նաեւ 50 հազար հաշմանդամների` տրանսպորտից եւ հասարակական այն վայրերից օգտվելու խնդիրները: Նրանց չի գոհացնում նաեւ ներկայիս համատիրությունների աշխատանքը. համատիրությունները կվերացնեն, իսկ նրանց լիազորությունները «Առաքելություն»-ը կփոխանցի վարչական շրջաններին:

Չնայած, որ մայրաքաղաքի ջրամատակարարումն իրականացնում է մասնավոր ընկերություն, այս կուսակցությունը խոստանում է լուծել նաեւ այս հարցը` մայրաքաղաքի բնակչության ջրամատակարարումը դարձնելով շուրջօրյա: «Առաքելության»-ը նյարդայնացնում են նաեւ երթեւեկության կանոնակարգման ներկայիս պայմանները, ուստի այս կուսակցությունը մայրաքաղաքի երթեւեկությունը կարգավորող լուսացույցների եւ նշանների համակարգային փոփոխություններ կանի: Իսկ Սարի Թաղի, Աջափնյակի, Նոր Նորքի վթարային շենքերի եւ բնակելի տների ավելի քան 500 ընտանիքների համար անհապաղ կացարաններ կհիմնի, եթե մայրաքաղաքի կառավարումը ինքը ստանձնի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930