
Ցուցահանդեսի բացումը նշանավորվեց ողջույնի պաշտոնական խոսքերով և շնորհավորանքներով: Հնադես գալով բացման խոսքով` արգելոց-թանգարանի տնօրեն Գ.Գյուրջյանն առանձնակի շնորհակալություններ հայտնեց ՀՀ ՊՆ հատուկ նշանակության և Քանաքեռի կապի զորամասերին` ապրիլի 18-ին ընդառաջ արգելոց-թանգարանի տարածքում տարվող մաքրման և խնամքի աշխատանքներին աջակցելու համար:
Միջոցառման 200-ից ավելի մասնակիցներին ողջունեցին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը, Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը, ԼՂՀ Կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը: Ելույթներ ունեցան Արցախում հնագիտական հետազոտություններ իրականացրած արշավախմբերի ղեկավարներ Համլետ Պետրոսյանը /Տիգրանակերտ, Շուշի, Հանդաբերդ/, Հակոբ Սիմոնյանը /Ծիծեռնավանք, Կերեն/ և Գագիկ Սարգսյանը /Կարկառ, Հոռեկավանք/: Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար պատմ.գիտ. դոկտոր Համլետ Պետրոսյանը նշեց, որ «Հնագիտությունը դա երազանք է, սակայն այդ երազանքին պետք է կարողանալ տեր կանգնել»: Ներկաներին ողջունեց նաև Էրեբունի հնավայր այցելած ֆրանսիացի ճանաչված հայագետ Ժան Պիեռ Մահեն` մասնավորապես կարևորելով Ծիծեռնավանքի հնագիտական հետզոտությունների արդյունքները:
Միջոցառման ողջ ընթացքում Էրեբունի թանգարանի հիմնական ցուցասրահում հնչում էր դաշնամուրային դասական երաժշտություն` դաշնակահար Միքայել Գաբրիելյանի կատարմամբ: Ցուցահանդեսի 1-ին այցելուներն էին նաև ՀՀ ՊՆ Հատուկ նշանակության զորամասի զինծառայողները:
Կարդացեք նաև
Ցուցահանդեսը կազմակերպել է Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը` Երևան-Ստեփանակարտ համագործակցության շրջանակներում: Ցուցահանդեսի կազմակերպման գործընկերներն են ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը», ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախումբը և ԼՂՀ Կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը: Ցուցահանդեսը կգործի մինչև 2013թ. մայիսի 18-ը:
«Էրեբունի» արգելոց-թանգարան

















































