Լրահոս
Օրվա լրահոսը

Սամսոն Ղազարյանին կազատազրկե՞ն. դատավճիռը մնում է անփոփոխ

Ապրիլ 24,2013 13:48
samson kazaryan

Գերագույն խորհրդի պատգամավոր Սամսոն Ղազարյանի դեմ հարուցվել էր քրեական գործ, եւ նա, ինչպես տեղեկացրել էինք, դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Սամսոն Ղազարյանը բողոքարկել էր ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարան՝ խնդրելով բեկանել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

Տուժողն էր Գերագույն խորհրդի պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը:

Վերաքննիչ դատարանը օրեր առաջ անփոփոխ թողեց դատավոր Արշակ Վարդանյանի դատավճիռը: Սամսոն Ղազարյանի նկատմամբ առայժմ խափանման միջոց է ընտրված քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը:

Ըստ քրեական գործի նյութերի, Սամսոն Ղազարյանը, սկսած 2004թ.-ից, փոխառությամբ գումարներ էր տվել Մ. Գաբրիելյանին, Կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով, առանձնապես խոշոր չափի հասնող տոկոսներ ստանալու նպատակով: Ս. Ղազարյանը, դարձյալ ըստ գործի նյութերի, Մեխակ Գաբրիելյանի՝ դատարանում տված ցուցմունքի, ստացել է յուրաքանչյուր ամիս տոկոսները, նաեւ մայր գումարը:

Մեղադրանքի կողմի տեղեկատվությամբ, 2006թ. նոյեմբերին Սամսոն Ղազարյանը Մեխակ Գաբրիելյանին տոկոսով տվել է 45 139 200 դրամին համարժեք 120 հազար ԱՄՆ դոլար գումար, որի դիմաց մինչեւ 2011թ. մարտը պահանջել եւ ստացել է Կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող ամսական 3, 5 տոկոս, ապա՝ 5, ապա՝ 10 տոկոս տոկոսային հավելավճարներ:

Ընդհանուր գումարը, դատարան ներկայացրած թվերի համաձայն, կազմում է 70 253 600 ՀՀ դրամին համարժեք 190 725 ԱՄՆ դոլար, այսինքն՝ «գումար, որն առանձնապես խոշոր չափով գերազանցել է փոխառությամբ տրված մայր գումարին»:

Սամսոն Ղազարյանն ասում է, որ Մեխակ Գաբրիելյանն է իրեն պարտք, եւ հղում անում իր օգտին նույն Կենտրոնի դատարանի որոշմանը:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր հօգուտ Ս. Ղազարյանի Մեխակ Գաբրիելյանից 60 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը բռնագանձելու պահանջի մասին հայցը, արգելանք էր դրել Մ. Գաբրիելյանի գույքի եւ դրամական միջոցների վրա: Մինչդեռ, ըստ Մ. Գաբրիելյանի ներկայացուցիչ, փաստաբան Հ. Գեւորգյանի, 2011թ. մարտի 27-ին մարվելուց հետո, իր վստահորդի գույքը հափշտակելու դիտավորությամբ է այդ քաղհայցը ներկայացվել եւ որ Մ. Գաբրիելյանի կողմից տրված ըստ էության առոչինչ 60 000 ԱՄՆ դոլարի ստացականը պետք է ոչնչացվեր ողջ գումարը մարվելուց հետո:

Մեր տեղեկություններով, Սամսոն Ղազարյանը դիմելու է ՀՀ վճռաբեկ դատարան:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930