Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխայի տեղի ծնունդով որոշել են նրա քաղաքացիության վա՞յրը

Մայիս 31,2013 13:10

Այլ հիմքերով էլ՝ կարգավիճակից զրկման ձեւերը

Շարունակելով փախստականների լայն զանգվածի դեմ օրենքի ոչ ճիշտ մեկնաբանումը եւ դրա հետեւանքով փախստականների կարգավիճակից զրկման ընթացքը` «Առավոտը» հանդիպում ունեցավ ՀՀ Մարդու իրավունքների  պաշտպանի գրասենյակի  աշխատակիցների հետ: Չնայած այն հանգամանքին, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գրությամբ պատասխանել էր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանին, որ. «Համաձայն Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի՝ պաշտպանը չի քննարկում այն բողոքները, որոնք պետք է լուծվեն միայն դատական կարգով», այդուամենայնիվ, Մարդու իրավունքների պաշտպանը ձեռնամուխ եղավ գործողություններ կատարելուն: Հանդիպման ընթացքում քննարկվեց փախստականների դեմ օրենքների սխալ մեկնաբանման գործընթացը, առ այն, որ անգամ երեխայի տեղի ծնունդով որոշել են նրա քաղաքացիության վայրը, ինչպես նաեւ՝ այլ հիմքերով կարգավիճակից զրկման ձեւերը: Հանդիպմանը ներկա էին  երեխաների եւ փախստականների հարցերով պաշտպանի գլխավոր խորհրդական Աիդա Մուրադյանը (լուսանկարում), Մարդու իրավունքների պաշտպանության իրավաբանական վարչության պետ Արամ Վարդեւանյանը եւ աշխատակից Լիլիթ Բանդուրյանը: Աիդա Մուրադյանը հայտնեց, որ փախստականների դեմ օրենքի սխալ մեկնաբանման մասով  գրություն են ուղարկել ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Ա. Գեւորգյանին: Գրությամբ շեշտվում է, թե օրենքի որ կետերն են սխալ մեկնաբանվել, եւ թե դրանք ինչ վատթարացնող վիճակների են հանգեցրել փախստականների ազատ տեղաշարժի, ինչպես նաեւ իրավունքների հարցում. «ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության կողմից նման որոշումներ կայացնելու արդյունքում, հիմնականում, փախստականի կարգավիճակ նախկինում ունեցող անձինք ձեռք են բերել քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ: Մինչդեռ, համաձայն Փախստականների եւ ապաստանի մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի՝ ապաստան հայցողները եւ փախստականներն ունեն Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվող անձանց հետ հավասար իրավունքներ եւ պարտականություններ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ: Փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին որոշումներ ընդունելու պրակտիկան արդյունքում հանգեցնում է անձանց իրավական կարգավիճակի վատթարեցմանը»:

Արամ Վարդեւանյանը խոսեց օրենքին հետադարձ ուժ տալու անթույլատրելիության մասին եւ հատկապես շեշտեց. «Իհարկե, ցավալի է, որ մեր պետության մեջ օրենքին հետադարձ ուժ է տրվում, իսկ այդօրինակ պրակտիկա չի թույլատրվում»: Այդ մասին նշել են նաեւ ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Ա. Գեւորգյանին ուղղված գրության մեջ. «Առհասարակ, հետադարձ ուժով նորմերի կիրառման վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանն իր` ՍԴՈ-649, ՍԴՈ-723,ՍԴՈ-758,ՍԴՈ-881,ՍԴՈ-1000 որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումներով բազմիցս արձանագրել է անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքին եւ այլ իրավական ակտերին հետադարձ ուժ հաղորդելու անթույլատրելիությունը, կարեւորելով, որ հետադարձ ուժի արգելքը հանդիսանում է պետական իշխանության նկատմամբ վստահության եւ իրավական պետության սկզբունքների կարեւոր բաղադրատարրերից մեկը»:

Առհասարակ, օրենքին հետադարձ ուժ տալ ասելով` նկատի են ունեցել փախստականների նկատմամբ այն օրենքի կիրառումը, որը խմբագրվել է 2004 թվականին եւ հաշվի չի առնվել այն օրենքը, որը մինչեւ խմբագրվելը գործել է 1999 թվականին, իսկ դա «Փախստականների մասին» ՀՀ օրենքն է: Ասել է թե` մինչեւ 2004 թվականը ձեւավորված իրավահարաբերությունները՝ օրինակ, ծնողների քաղաքացիության ընդունման փաստը, ոչ մի կերպ չէր կարող հիմք հանդիսանալ երեխաներին փախստականի կարգավիճակից զրկելուն, քանի որ դա ձեւավորվել է մինչեւ 2004 թվականի «Փախստականների մասին» ՀՀ օրենքի խմբագրումը: Այդ եւ այլ հարցերի մասին Մարդու իրավունքների պաշտպանը գրությամբ դիմել է ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Ա. Գեւորգյանին, որպեսզի 10-օրյա ժամկետում տրամադրի իրենց պարզաբանումները` պրակտիկայում «Փախստականների մասին»  ՀՀ օրենքի կիրառման վերաբերյալ:

Պատասխան գրությունը ստանալուն պես` «Առավոտը» կանդրադառնա եւ կհրապարակի:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031