Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեժիսորը խոստանում է՝ իր առաջին «…Վերջ» ֆիլմը վերջինը չի լինելու

Հունիս 02,2013 13:07

«…Վերջ» կարճամետրաժ ֆիլմն երիտասարդ ռեժիսոր Վարդգես Մանուկյանի առաջին խաղարկային ֆիլմն է: Հազիվ թե որեւէ մեկը ֆիլմը դիտելիս հասցնի ձանձրանալ, քանի որ «…Վերջ»-ը հենց առաջին իսկ վայրկյաններից հանդիսատեսին ստիպում է լարվել ու հուզվել:
Սյուժեի հիմքում ամուսնական զույգի ողբերգությունն է: Հղի կինը, ում մարմնավորում է դերասանուհի Նարինե Գրիգորյանը, սպասում է ամուսնուն, որը պիտի վերադառնա գործուղումից, բայց ամուսինը այդպես էլ չի վերադառնում, քանի որ զոհվում է ավտովթարից, բայց մինչ այդ հասցնում է խոսել կնոջ հետ ու ասել, որ սիրում ու կարոտում է նրան:
Aravot.am-ի հետ զրույցում խոսելով ֆիլմի նկարահանման աշխատանքների մասին՝ ռեժիսոր Վարդգես Մանուկյանն ասաց. «Ֆիլմ նկարահանելը հատուկ պլանավորված չէր եղել: Ֆիլմի սցենարը կարդացի ընկերոջս բլոգում ու շատ հարազատ բան տեսա, ես ընդհանրապես միստիկա շատ եմ սիրում ու որոշեցի իմ միջոցներով կարճամետրաժ ֆիլմ նկարել: Ես մասնագիտությամբ օպերատոր եմ, «Շողակաթ» հեռուստաընկերությունում եմ աշխատում, վավերագրական ֆիլմեր նկարել եմ, բայց սա իմ առաջին խաղարկային ֆիլմն է»:
Ռեժիսորից հետաքրքրվեցինք նկարահանման ընթացքից. «Լարվածություն կար, քանի որ աշխատում էի պրոֆեսիոնալ դերասանների հետ, պարտավորվածություն կար: Քանի որ ֆիլմն իր մեջ հոգեբանական կողմ ունի, կարեւոր էր ճիշտ ներկայացնել այն: Այնպես ստացվեց, որ ֆիլմը սկսեցինք երեկոյան 10-ից, իսկ ավարտեցինք առավոտյան 7-ին»:
Երիտասարդ ռեժիսորի խոսքով, «…Վերջ» ֆիլմը իր ռեժիսորական կարիերայի սկիզբն է: «Մտածում եմ, որ էլի կլինի: Ես շատ եմ ուզում, որ լինի: Ունեմ լավ միտք, եւ հիմա փորձում ենք մարդկանց գտնել, ովքեր կաջակցեն մեզ»,- ասաց Վ.Մանուկյանը ու հավելեց, որ այն ոճային ուրիշ ուղղվածություն կունենա:
«…Վերջ» կարճամետրաժ ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնի ոչ մրցութային ֆիլմերի անվանակարգում:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930