46 տարի Լոնդոնում բնակվող հայագետ, գրող Ասատուր Գյոզալյանն ամեն տարի հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան առիթով Հայաստան է գալիս: Այս տարի եւս՝ Արամ Խաչատրյանի 110- ամյակին, կոմպոզիտորի ընկերն եկել է Հայաստան՝ այցելելու նրա շիրիմին:
Հիշում է, որ Արամ Խաչատրյանի հետ ծանոթությունը սկսվել է վեճով, կարճ ընթացք է ունեցել, բայց իր վրա մեծ ազդեցություն է թողել:
«Ես էն ժամանակ ծխամորճ էի ծխում, ինքն ինձ ասաց՝ երիտասարդ, շուտ մարի էդ ծխամորճը, հետո ինձ մոտ կանչեց ու ասաց, որ նոր է վիրահատվել ու ծխամորճի ծուխը իրեն կարող է վնասել»,- կոմպոզիտորի հետ առաջին հանդիպումն այսպես է հիշում լոնդոնաբնակ Ա. Գյոզալյանը:
Պարոն Գյոզալյանի խոսքով, կոմպոզիտորի ու իր միջեւ նաեւ նամակագրական կապ է եղել ու շաբաթն երեք անգամ անպայման հեռախոսով են խոսել:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում նա նշեց, որ կոմպոզիտորի հետ ծանոթացել է նրա կյանքի վերջին տարում ու ափսոսանք հայտնեց, որ իրենց շփումը երկար ընթացք չի ունեցել:
«Ես նրանից շատ բան եմ սովորել: Ես գիրք ու բանաստեղծություն ունեմ նրան նվիրված: Ուզում էր այդ բանաստեղծության համար երաժշտություն գրել, բայց, ցավոք, չհասցրեց: Երբ ապրում էր Լոնդոնում, մենք երկու ամիս համարյա ամեն օր հանդիպում էինք: Մեր երկու ամսվա շփումը կարծես մի ամբողջ կյանք էր: Երբ հիվանդ էր՝ մահվանից մի քանի օր առաջ, հիվանդանոցի հայ բուժքրոջ միջոցով հետը կարողացա խոսել»:
Լոնդոնաբնակ հայ մտավորականի խոսքով, ամեն անգամ Հայաստան գալով՝ հայրենիքի կարոտն առնում է Արարատից, ինչպես նաեւ այցելում է պանթեոն, որտեղ թաղված են իր ընկերներից շատերը:
Աշոտ ԱԹԱՅԱՆ
Լուսանկարում՝ Արամ Խաչատրյանի որդին՝ Կարեն Խաչատրյանն ու Ասատուր Գյոզալյանը


















































