Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարև Երևան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Երևանի ավագանու ուղերձի նախագիծ

Հուլիս 23,2013 17:38

Ղեկավարվելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի պահանջներով`

Երեւան քաղաքի ավագանին արձանագրում է.

1. 2013թ. հուլիսի 18-ին Երեւանի քաղաքապետարանի կողմից պաշտոնապես հայտարարվեց մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի սպասարկումն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված ուղեվարձի փոփոխման հայտերի վերանայման եւ մասնագիտական հանձնաժողովի կողմից նախկինում սահմանված ուղեվարձի բարձրացման մասին, ինչը հասարակական լայն արձագանք եւ ընդվզում է առաջացրել: Պաշտոնապես տրամադրված տեղեկության համաձայն՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից ուղեվարձի բարձրացման հայտերի պատճառաբանություն է նշվել «տարիների ընթացքում արձանագրված պարբերական գնաճը՝ ինչպես նոր մեքենաներ ձեռք բերելու, այնպես էլ պահեստամասերի, վառելանյութի եւ քսայուղերի մասով, ինչի հետեւանքով սպասարկող ընկերությունները սկսել են վնասով աշխատել»:

2. Երեւանի քաղաքապետի եւ քաղաքապետարանում ստեղծված մասնագիտական հանձնաժողովի կողմից հիմնավոր են համարվել ու բավարարվել փոխադրավարձի վերանայման մասին հուլիսի սկզբին տնտեսվարող սուբյեկտների ներկայացրած հայտերը եւ հաստատվել է մայրաքաղաքային երթուղիները սպասարկող միկրոավտոբուսների ու ավտոբուսների ուղեվարձի մեկ միասնական սակագին` 2013թ. հուլիսի 20-ից սկսած 150 դրամ, իսկ տրոլեյբուսների ուղեվարձի մեկ միասնական սակագին՝ 100 դրամ: Ի հիմնավորումն կայացված որոշման՝ հուլիսի 18-ին Երեւանի քաղաքապետարանը նաեւ պաշտոնապես հրապարակել է Երեւան քաղաքում միկրոավտոբուսներով եւ ավտոբուսներով մեկ ուղեւորի փոխադրման տնտեսագիտական հաշվարկ-հիմնավորում:

3. Թե՛ տնտեսվարող սուբյեկտների վկայակոչած պատճառների, թե՛ Երեւանի քաղաքապետարանի հրապարակած տնտեսագիտական հաշվարկ-հիմնավորման կապակցությամբ տարբեր հասարակական կազմակերպություններ, անկախ փորձագետներ փաստարկված անհամաձայնություն եւ առարկություններ են հայտնել: Վերջիններս կասկածի տակ են դրել ոչ միայն տնտեսվարողների` «վնասով աշխատելու» թեզը, այլեւ քաղաքապետարանի կողմից հնչեցված եւ խնդրո համատեքստում կարեւոր ցուցանիշներ, ըստ այդմ` նաեւ սահմանված նոր սակագնի օբյեկտիվ հիմնավորվածությունը, ինչպես պահանջում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Փորձագետների կողմից հրապարակված ամենատարբեր հաշվարկները վկայում են, որ հանրային այս ծառայության ոլորտի լավ եւ վատ կառավարման դեպքերում ներկայումս հնարավոր է շահույթով ուղեւորափոխադրումներ կազմակերպել ուղեվարձի սակագնի 70-90 դրամ միջակայքում:

4. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, ի թիվս ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում պետական կարգավորման շարադրված հիմունքների, կարեւորում է «պետության, ավտոմոբիլային տրանսպորտի ծառայություններից օգտվողների եւ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող քաղաքացիների եւ իրավաբանական անձանց շահերի պաշտպանության ապահովում»: Մինչդեռ Երեւանի քաղաքապետի որոշումներում եւ քաղաքապետարանում ստեղծված մասնագիտական հանձնաժողովի վկայակոչած հիմնավորումներում բացառապես արտահայտված են փոխադրումներ իրականացնող իրավաբանական անձանց շահերը: Քաղաքացու վճարունողականության կամ նրա շահերի պաշտպանության մասին որեւէ խոսք չկա:

5. Թեպետ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով Երեւանի ավագանուն վերագրված չեն ուղղակի եւ հստակ լիազորություններ տրանսպորտի ոլորտում, այդուհանդերձ, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով ավագանուն վերապահված է քաղաքապետի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություն:

Ելնելով հարցի հասարակական մեծ հնչեղությունից, ինչպես նաեւ` բերված հիմնավորումների կապակցությամբ շարունակվող տարաձայնություններից,

Երեւան քաղաքի ավագանին ուղերձով դիմում է Երեւանի քաղաքապետին

ուժը կորցրած ճանաչել Երեւան քաղաքում մայրաքաղաքային երթուղիները սպասարկող միկրոավտոբուսների, ավտոբուսների ու տրոլեյբուսների ուղեվարձի սակագնի բարձրացման մասին Երեւանի քաղաքապետի որոշումը:
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ «ԲԱՐԵՎ ԵՐԵՎԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐ

ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆ

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ ԳԱԳԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031