«Մեր նպատակն է ներկայացնել հայկական ժողովրդական տոներն ու ծեսերը, ազգային պարերը: Ցանկանում ենք ստեղծել միջմշակութային կամուրջ երկրների միջեւ, աշխարհին ներկայացնել մեր հայկական մշակույթը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Իտալիայում միջազգային փառատոների և Պրահայում հայկական համայնքի կազմակերպած համերգին մասնակցության մասին նշեց «Տոնացույց» ժողովրդական թատրոնի ղեկավար Հասմիկ Բաղրամյանը:
Սեպտեմբերի 7-12-ը տեղի կունենա Երկրորդ Միջազգային ֆոլկլորային փառատոնը՝ «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է տարածաշրջանային ճանաչումն ու զարգացումը, գյուղական համայնքներում մշակութային կյանքի ակտիվացումն ու հայկական ազգային մշակույթը աշխարհում տարածելը:
Տիկին Հասմիկի խոսքով՝ ֆոլկլորը մահացող մթնոլորտ է, աշխարհում այն գնալով վերանում է: Փառատոնը մեր ժողովրդի պատիվն է: Հայ ժողովրդի անունը նրանք բարձր են պահում: Աշխարհում եւ Հայաստանում այսօր ժողովրդական երգն ու պարն այնքան էլ ճանաչում չունի, քանի որ շատ հարուստ է, այն, ինչին տեղյակ ենք, միայն մի մասն է: Ահռելի արխիվներ կան, որոնց ծանոթ չենք:
PR մենեջեր Սերգեյ Ումրոյանի պնդմամբ՝ ֆոլկլորը յուրաքանչյուր ազգի հիմքն է: Առաջնայինը սա պետք է լինի, առաջ ֆոլկլորը, հետո մնացածը: Հարեւան պետությունները դարեր շարունակ գողացել են մեր ազգային արժեքները, որովհետեւ մենք տեր չենք կանգնում մեր մշակույթին: Ֆոլկլորը պահանջված է շատ:
Կարդացեք նաև
Ազգագրագետ Նարինե Շամամյանի համոզմամբ՝ փառատոնը մշակույթի փոխանցման համար լայն դաշտ կստեղծի:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ


















































