«Սթար» սուպերմարքեթը քանի՞ տնտեսվարողի է պարտք, որքա՞ն է կազմում պարտքի ընդհանուր գումարը, ունի,՞ արդյոք, հարկային պարտավորություններ, Aravot.am-ի հարցերին «Սթար Դիվայդ» ընկերության սնանկության գործով օրերս ժամանակավոր կառավարիչ նշանակված Արման Սարգսյանն ասաց. «Մենք դեռ նման տեղեկատվություն չունենք: Սնանկության մասին օրենքի 46-րդ հոդվածի համաձայն՝ պահանջների ներկայացման ժամկետ գոյություն ունի: Այդ ժամանակահատվածում պարտատերերը կներկայացնեն իրենց պահանջը եւ արդեն մեզ մոտ հստակ կլինի, թե քանի պարտատեր կա եւ որքան է կազմում նրանց պահանջի ընդհանուր չափը: Սնանկության օրենքը նախատեսում է հայտարարությունը հրապարակելուց մեկ ամսյա ժամկետում»:
168 .am-ի փոխանցմամբ, հուլիսի 29-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ, «Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերության հայցի հիման վրա «Սթար Դիվայդին» ընկերությանը սնանկ է ճանաչել: «Սթարի» պարտքը «Պեռնո Ռիկար Արմենիա»-ին կազմում է 71 մլն 845 հազար դրամ:
Aravot.am-ի հարցին, թե արդեն հայտնի՞ է, ուսումնասիրություն կատարվե՞լ է, թե այս պահի դրությամբ «Սթարը» որքան միջոցներ կամ գույք ունի, պարոն Սարգսյանն ասաց, որ այդ մասին էլ դեռ վաղ է խոսելը, քանի որ դեռ որեւէ ուսումնասիրություն չի կատարվել, թե սնանկ ճանաչված «Սթարը» որքան գույք կամ այլ միջոցներ ունի:
Ըստ սնանկության գործով կառավարչի, «Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերությունը հայցը ներկայացրել է` նշելով, որ իր պահանջը գերազանցում է սնանկության մասին օրենքով նախատեսված սահմանաշեմից: Պարոն Սարգսյանը վստահեցրեց, որ սնանկության գործընթացի հետ կապված` պարտատերերի ցուցակը, միջանկյալ որոշումներ եւ այլն, կհրապարակվի datalex.am կայքում:
Կարդացեք նաև
«Պեռնո Ռիկար Արմենիա»-ից բացի, «Սթարը» պարտք է տասնյակ անհատ ձեռներեցների եւ խոշոր տնտեսվարողների, որոնց թվում են «Չանախ» կաթնամթերքի ընկերությունը, «Հացագործ Անդրանիկ » (Սուրիկի լավաշ) ընկերությունը, «Գետնատուն» ՍՊԸ-ն, «Երեւանի Գարեջուր» ՓԲ ընկերությունը, «Սայմե» ՍՊԸ-ն, «Ռոսգոսստրախ-Արմենիա ապահովագրական» ՓԲԸ-ն եւ այլն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































