Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոսի 11-ը Հայկի հաղթանակի օրն է.Նավասարդյան տոնակատարության մեկնարկը կտրվի «Մասիսի տաճարում»

Օգոստոս 09,2013 16:58

«Նավասարդ» նախաձեռնող խումբն այս տարի օգոստոսի 11-ին կազմակերպում է նավասարդյան տոնակատարություններ՝ նվիրված Հայկի մեծ հաղթանակի և բուն հայոց տոմարի 4505-ամյակին: «Հայաստանում հիմնականում անցկացվել են սպորտային խաղերով, երգ ու պարով, ինչպես նաև մատուցվել է նավասարդյան գինի, որը պատրաստվել է ծաղիկների թերթերից»,-այս մասին այսօր «Արմատ» մամուլի ակումբում անդրադառնալով Նավասարդյան տոնակատարության, տոնի խորհրդի, հայկական խորհրդանշաններով շքերթի ու տոնակատարություններին՝ ասաց «Նավասարդ» նախաձեռնող խմբի ղեկավար Սամվել Հունանյանը, հույս հայտնելով, որ հաջորդ տարի անպայման կլինի տոնին բնորոշ եւ խորհրդանշող Նավասարդ գինին:

«Նավասարդյան տոնակատարությունները կարևոր խորհուրդ ունեն, այն իսկապես համահայկական փառատոնի սկիզբ է և ցանկալի է անցկացնել Արարատի մարզում: Այդ պատճառով «Մասիսի տաճարում» (Չարենցի կամար) մեկնարկը կտանք և կշարունակվի Գառնու տաճարի շուրջը»,-ավելացրեց Հունանյանը։

Ըստ նրա` շքերթին կներկայացվեն հայ պատմական բոլոր դրոշներն ու զինանշանները. «Պատրաստել ենք 11 դրոշ` Հայքից մինչեւ Արցախ: Ի դեպ, Հայկի դրոշը ներկայացվում է Հայկի համաստեղության տեսքով, նույն ուղղահայաց դիրքով, ինչպես այս համաստեղությունն ամեն տարի օգոստոսի 11-ի առավոտյան 5-ին դիտարկվում է երկնակամարում»,-ընդգծեց Հունանյանը:

Պատմաբան Ռոբերտ Շահբազյանի փոխանցմամբ`մինչև 19-րդ դարը Հայաստանի որոշ շրջաններում այս տոնը նշել են: «Օգոստոսի 11-ը Հայկի հաղթանակի օրն է, նաև նշվում է` հայկական տոմարագիտության օրն է: Ի դեպ, համաշխարհային տոմարագիտության մեջ հայերը մեծ ներդրում են ունեցել: Հայկական տոմարի ստեղծումը քաղաքակրթական լուրջ ձեռքբերում է մեզ համար»:

Պատմաբան Նորայր Եսայանն էլ նշեց, որ տոնը սկսել են նշել 2008 թվականից եւ կարծում է, որ տոնը պետք է մասսայական դարձնել, քանի որ միասնության վերականգնման խնդիր ունենք:

Տոնակատարությունները նշելու համար «Նավասարդ» նախաձեռնող խմբին են մասնակցել «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամը, Չարենցի տուն- թանգարանը եւ «Սերունդ» հ/կ-ն:

Հին տոմարով Ամանորի տոնակատությունների փակումը տեղի կունենա օգոստոսի 16-ին՝ Լոռու մարզի Հարթագյուղի Զորաց տաճարում:

 Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031