Օգոստոսի 18-ին news.am լրատվական կայքը նյութ էր հրապարակել սիրիահայ գործարար Շահեն Չերքեզյանի մասին: Պարոն Չերքեզյանը` Հոմս քաղաքի Solar Heaters արևային ջրատաքացուցիչների սեփականատերն է: Նա ցանկանում էր արևային ջրատաքացուցիչների բիզնեսը Հայաստան բերել: Բայց հաշվի առնելով Հայաստանի հարկային և մաքսային ծառայությունների աշխատանքը` հրաժարվել է:
Մեկ այլ սիրիահայ գործարար Ալեքսան Կարադանայանը, Երևանում հիմնել է տպարան և տեքստիլի դիզայնի կենտրոն: Aravot.am-ը զրուցել է պարոն Կարադանայանի հետ` իմանալու համար արդյոք վերջինս ինչ-որ խնդիրներ ունեցե՞լ է հարկային դաշտի հետ և առհասարակ ինչ դժվարությունների է հանդիպել Հայաստանում:
Ալեքսան Կարադանայանը պատմեց, որ սկզբում դժվար է եղել,քանի որ Սիրիայում հարկային համակարգը շատ է տարբերվում Հայաստանի հարկային համակարգից. «Մեզ համար խորթ էր այս ամենը: Մենք սովոր չէինք հարկեր վճարել: Սիրիայում, եթե նոր բիզնես ես հիմնում, պետությունը 5 տարի ազատում է հարկերից, որպեսզի կարողանաս աշխատողներ պահել: Սակայն պետք է ասեմ, որ մեզ մոտ գործարարների 99%-ը անօրինական են աշխատում: Պետությունը մեզ շատ չի ճնշում: Այստեղ այդպես չի: Հայաստանում ամեն ինչ օրենքով են անում: Այսինքն` հեշտ համակարգից մենք անցանք ավելի բարդ համակարգի: Սակայն օժանդակություն կա: ՀՀ սփյուռքի նախարարությունը մեզ համար անգամ հաշվապահական դասընթացներ կազմակերպեց, որպեսզի ավելի լավ ծանոթանանք հարկային դաշտին: Լավ է,ամիսը կամ երեք ամիսը մեկ անգամ 5% հարկ ենք վճարում»:
Պարոն Կարադանայանը, որը Հալեպից Հայաստան է եկել մեկ տարի առաջ,անդրադառնալով իր բիզնեսի հետ կապված դժվարություններին` նշեց. «Հայաստանում հագուստ արտադրողները քիչ են: Մարդիկ այլ երկրներից են բերում և այստեղ թանկ վաճառում: Մենք աշխատում ենք հագուստ արտադրողների հետ և որքան նրանք շատ լինեն, մեր գործն այդքան ավելի լավ կլինի: Այսինքն` մենք մեծ շուկայից եկանք նոսրացած շուկա»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է բիզնեսի շահութաբեր լինելուն` Ալեքսան Կարադանայանը դեռ դժվարացավ որևէ գնահատականներ տալ, բայց նշեց, որ այստեղ գործը շատ քիչ է. «Ներկայումս գործերն այնքան էլ լավ չեն, բայց դա նորմալ է: Սիրիայում նույնպես սկզբում ծանոթություններ չունեինք,սակայն հետո մեզ ճանաչեցին և գործերը լավացան: Եթե համեմատեմ, ապա Սիրիայում մոտ 100 հաճախորդ ունեի, իսկ այստեղ ընդամենը` 3-4: Դեռ 4 ամիս է, ինչ աշխատում ենք, տպարանը երեք ընկերներով ենք աշխատեցնում: Ժամանակ է պետք, որ մարդիկ իմանան մեր մասին: Տեքստիլի ոլորտը գնալով զարգանում է: Ես լավատես եմ և հույս ունեմ, որ Հայաստանում նույնպես արտադրողները կավելանան»:

Այն հարցին` արդյոք սիրիահայ գործարարը կցանկանա՞ վերադառնալ Հալեպ, պատասխանեց. «Ապագան ինձ համար դեռ անորոշ է: Եթե Սիրիայում իրավիճակը լավանա, միգուցե մեկնեմ և վերսկսեմ տպարանի աշխատանքները: Այնտեղի եկամուտով այստեղ կարող ենք լավ ապրել: Հայաստանում լավ է,բայց մեր տունը, ընկերները, տիկնոջս ծնողները, բոլորն այնտեղ են»:
Լուսինե ՇԱԽԱԶԻԶՅԱՆ
Տեսանյութը՝ Hottv-ի



















































