Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդ. «Ամեն 5 րոպե մեքենաս կայանելու համար 200 դրամ «պարկովշիկներին» էի տալիս, իսկ էսպես…»

Օգոստոս 21,2013 17:31

«Ես տենց էլ չհասկացա՝ ինչո՞ւ եմ սպասարկման գումար վճարելու»,- ավտոկայանատեղերի վճարի համար վրդովված ասաց 12 տարվա վարորդ Վլադիմիր Սարգսյանը:

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության կողմից  կազմակերպված ավտոկայանատեղերի նոր համակարգը, ըստ որի՝ 1 ժամ կայանելու համար վարորդից գանձվելու է 100 դրամ, մեկ օրվա համար` 500 դրամ, մեկ շաբաթվա համար` հազար դրամ, մեկ ամսվա համար` 2 հազար դրամ, իսկ մեկ տարվա համար` 12 հազար դրամ:

Ի հակադրություն «Փարկինգ Սիթի Սերվիսի» հայտարարության, թե նոր համակարգը վարորդների համար ավելի շահավետ է, Aravot. am-ի հետ զրույցում վերջիններս ժխտեցին՝ համարելով այն ավելորդ քաշքշուկ:

«Իբր լավություն արեցին, հա՞: Հերիք չի՝ ինչ անեմ նկարելու են, մի հատ էլ «sms» ուղարկի, էս արա, էն արա: Բա էն խեղճ «պարկովշիկներն» ինչո՞վ են ապրելու»,- ասաց վարորդներից մեկը:

Կային նաև մարդիկ, որոնք ուրախությամբ էին խոսում նոր համակարգի մասին: «Վերջապես մտնում ենք Եվրոպա: Ամեն 5 րոպե մեքենաս կայանելու համար 200 դրամ «պարկովշիկներին» էի տալիս, իսկ էսպես գոնե կիմանամ, որ վճարել եմ ու որտեղ ուզեմ, ինչքան ուզեմ արխային կկայանեմ,-ասաց Գայանե Ավետիսյանը և ավելացրեց,- ուղղակի վատն էն ա, որ տարիքով մեծերին էդքան էլ հարմար չի լինի էս տարբերակը»:

Իսկ 63-ամյա Գուրգեն Գեւորգյանն ասաց. «Հերթով սաղի հացն ուզում են կտրեն, բարեկամներիս կեսից շատը գնացել ա երկրից, ով էլ չի գնացել՝ պատրաստվում ա գնա. ինչ ասես իրանցից հնարում են: Թե մեքենա կանգնացնելու համար փողը ո՞րն ա: Վաղն էլ օդի փող են ուզելու, ստիպված հանենք՝ տանք, ով էլ փող չունենա՝ խեղդվելու ա»:

Նշենք, որ օգոստոսի 6-ին կայացած ասուլիսի ժամանակ «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը փաստեց, որ ավտոկայանատեղերի վճարը չտալու դեպքում վարորդից գանձվելու է նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Քրիստինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031