Այս օրերին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խորհդակցություններ է անցկացնում կուսակցությունների եւ քաղաքական տարբեր գործիչների հետ՝ Մաքսային միություն մտնելու հետ կապված բողոքի մեծ ալիք բարձրացնելու համար:
Aravot.am-ի հետ զրույցում նա այսպես բացատրեց այդ խորհրդակցությունների նպատակը. «Ես անողոք ընդդիմություն եմ լինելու: Իշխանությունների լեգիտիմության մասին ես բավականին անողոք իմ տեսակետն ասել եմ: Բայց կային գործընթացներ, որոնք ինչ-որ չափով համընկնում էին թե՛ իմ, թե՛ «Հանրապետություն» կուսակցության ուղղություններին, որոնք ամրագրված էին մեր կուսակցության ծրագրերում: Մենք առաջիններից էինք, որ ասում էինք այդ մասին, Սերժ Սարգսյանը միացավ մեզ: Խոսքը եվրոպական ընտանիքում Հայաստանի տեղն ու դերը տեսնելու մեջ էր: Մենք ասել ենք, որ ողջունելու ենք այդ գործընթացը: Հիմա, երբ որ հակառակ ուղղությամբ ենք գնում, դա միանշանակ դեմ է մեր կուսակցության ծրագրերին, մեր խորին համոզմամբ՝ դա լուրջ վտանգ է ՀՀ անկախության համար եւ մենք հակված ենք ամբողջ ուժով պայքարելու դրա դեմ:Մենք սկսում ենք կոնսուլտացիաներ՝ այդ իրավիճակից դուրս գալու համար»:
Արամ Սարգսյանը վստահեցրեց, որ անողոք պայքար են մղելու այս իշխանության դեմ. «Պիտի փորձենք համախմբել բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, անհատ մարդկանց, ովքեր ընդունում են այդ մոտեցումները, ովքեր կհամաձայնեն միասնական ուժերով, կոլեգիալ որոշումներ կայացնելով՝ պտտվել Հայաստանով մեկ եւ ՀՀ ժողովրդին բացատրել, թե ինչ են առաջարկում՝ մենք ինչը նախընտրեցինք: Մենք պիտի փորձենք հասարակությանը համախմբել, ալիք բարձրացնել՝ ճնշումներ գործադրելով այս իշխանությունների վրա՝ ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը կամ վերջիվերջո համակարգային փոփոխությունների հասնելու երկրի ներսում, ինչը ես չեմ պատկերացնում՝ առանց իշխանափոխության»:
Մեր հարցին՝ ընդդիմադիրներից ո՞վ կկանգնի Ձեր կողքին՝ նա պատասխանեց, որ արձագանքներ կան նույնիսկ չսպասված տեղերից. «Մենք ինքներս նայում ենք քաղաքական դաշտը եւ տեսնում ենք այն ուժերին, ովքեր ոչ միայն իրենց ծրագրերում են գրել, որ իրենց ուղղությունը տեսնում են եվրոպական համայնքի հետ եւ այդ չափանիշներում, այլեւ պայքարել են դրանց համար: Մենք այդ ուժերի հետ այս օրերին հանդիպում ենք: Իսկ այն ուժերը, ովքեր գրել են, բայց այդպես չեն անում, իրենց հետ հանդիպելու խնդիր չունեմ: Արդեն հանդիպել եմ մի քանի ուժերի հետ, այսօր էլի հանդիպելու եմ: Խնդիրն այն չէ, որ այսօր չեմ ուզում նրանց անունները տալ, պարզապես դրան շատ լուրջ եմ վերաբերվում: Կհանդիպեմ այդ մարդկանց հետ, վերջիվերջո որոշումները պիտի կոլեգիալ կայացվեն:
Կարդացեք նաև
Երբ կունենանք արդյունքներ, կլինեն այն ուժերը, ովքեր կտեսնեն այդ գործընթացում իրատեսական նյութ, որ արժի, այո, հայ ժողովրդին բացատրել, դուրս գալ, մարդ առ մարդ, շենք առ շենք բացատրել, թե ինչն ինչի հետ ես փոխարինում, թե ինչի է մեր երկրի սոցիալական վիճակն էլ ավելի վատանալու ապագայում՝ նույն Մաքսայինի պատճառով: Իսկ այն միանշանակ վատանալու է: Կտեսնեք, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինչ է կատարվելու: Մարդիկ, որ հասկանան, թե ճիշտ ես ասում՝ կընդունեն, այդ ժամանակ միասնական քայլեր ենք անելու՝ դա կլինի թե հանդիպումների, թե՛ հանրահավաքների տեսքով: Այդ ժամանակ կտամ բոլոր նրանց անունները, ովքեր ընդունել են այդ մոտեցումները, եկել են մեր հետ: Ովքեր եկել են եւ չեն ընդունել, նրանցից չպիտի վիրավորվենք ու անունները տանք, ասենք՝ վատն են: Այդ մոտեցումը ոչ մի տեղ չի տանի: Բարեբախտաբար, առ այսօր բոլոր հանդիպումները, որ ունեցել ենք կուսակցությունների, հ/կ-ների հետ՝ դրական արդյունքներ են տվել»:
Արամ Սարգսյանը նշեց, որ քննարկումները շատ արագ են անցկացնում, որպեսզի առաջիկայում արդեն գործուն քայլերի դիմեն. «Եթե Հայաստանում կա 60-70 տոկոս, որ մտածում է, թե ՌԴ-ն ճիշտ է, կա ընդգծված 30 տոկոս, որը գտնում է, որ այդ ուղին փակուղի է, ոչ մի տեղ չտանող ուղի է: Ես գտնում եմ, որ այդ 30 տոկոսն ունի այն հենքը, այն փաստարկները, որ այն 70 տոկոսի մեջ եղած 40 տոկոսին այստեղ կբերի: Մենք հակառուսական կամ հակաղազախական խնդիր չենք դնում: Այդ մարդիկ ունեն բնական ռեսուրսներ, իրենց երկրում կարող են 100 տարով նախագահ լինել, փոխվել կամ չփոխվել: Իրենց այդ ռեսուրսը բավարարում է: Մեզ այդ ռեսուրսը չի բավարարում, մենք լուրջ վտանգի տակ ենք այդ առումով եւ Ղարաբաղի առումով էլ: Ղարաբաղի խնդիրն ամուր պահելու, բանակն ամուր պահելու պոտենցիալներից մեկն էլ տնտեսական ռեսուրսն է»:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































