

Ցուցադրությունը հիմնականում կազմված է հայ եւ արտասահմանյան մի շարք քաղաքների ու բնակավայրերի տեսարանները պատկերող գրաֆիկական նուրբ աշխատանքներից: Ըստ Լեւոն Լաճիկյանի, շենքերն իր համար քարե անշունչ կառույցներ չեն. «դրանք մարդկային ոգու ամրոցներ են, միջավայր կերտող, բնավորություն ու մտածողություն կազմավորող եւ ճաշակ կրթող երեւույթներ»: Իրար կողք կողքի ցուցադրված են քաղաքային բնապատկերներ Գյումրուց ու Վենետիկից, Գորիսից ու Փարիզից, Մեղրուց եւ Լիոնից: Արվեստագետի համոզմամբ, մեզ հասած ժառանգությունն իրապես սահմաններ չունի: Միաժամանակ ներկայացնելով մեր ու օտար բնակավայրերի տեսարաններ` ավելի դյուրին կարելի է տեսնել հայկականի տեղը ընդհանուր համամարդկային մշակութային համապատկերում:
Լեւոն Լաճիկյանն այս ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացրել է նաեւ ջրաներկ աշխատանքներ իր «Ծաղկյալ Արարատ» նկարաշարից: Այդ կապակցությամբ ցուցահանդեսի բացման ժամանակ հեղինակը հետեւյալն ասաց. «Բիբլիական Արարատը մեկն է Արարչի ամենակատարյալ ստեղծագործություններից, որքան նյութական, նույնքան էլ ոգեղեն ու գերբնական է այն: Ինքն արդեն, ի սկզբանե, անշրջանակ նկար լինելով` գրեթե անհնարին է դարձնում համարժեք վերարտադրությունը մարդ արարածի կողմից: Միակ ճանապարհը մեր սուրբ լեռը հարակից բնության` տվյալ դեպքում ծաղիկների հետ պատկերելն է: Այդպես ծնվեց իմ «Ծաղկյալ Արարատ» ջրաներկ աշխատանքների շարքը»:
Իրոք, կարելի է զարմանալ ու հիանալ նկարչի ստեղծագործական երեւակայությամբ: Մեզ ծանոթ Արարատի պատկերները տարբեր ծաղիկների համադրությամբ երեւան են գալիս բոլորովին նոր հնչեղությամբ: Դրանք մեր սրբազան լեռան իրական եւ անիրական ընկալումների յուրօրինակ անդրադարձումներ են` արված ջրաներկի թափանցիկ գույներով եւ աչք շոյող երանգներով: Ավելացնենք, որ «Ժառանգություն առանց սահմանների» ցուցահանդեսը կգործի մինչեւ ս.թ. հոկտեմբերի 15-ը:
ԺԱՆՆԱ ՄՈՒԽԱՅԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































