Լրահոս
Օրվա լրահոսը

Նամակ Հայաստանի նախագահին՝ օրենսդրության հակա-ԼԳԵՓ առաջարկության վերաբերյալ

Հոկտեմբեր 20,2013 00:29

«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ մտահոգություն արտահայտելով Հայաստանի ոստիկանության պաշտոնական կայքում այս տարվա օգտոստոսի 5-ին հրապարակված օրենսդրական փոփոխությունների իրականացման առաջարկության վերաբերյալ, որով Հայաստանի վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում նախատեսվում էր ավելացնել «սեռական ոչ ավանդական հարաբերությունների քարոզչությունը» հակաօրինական դարձնող երկու հոդված, որոնք, ըստ կազմակերպության, խոսքի ազատության և լեսբուհի, գեյ, երկսեռ և փոխսեռական անձանց նկատմամբ խտրականության դրսևորում են:

«Ոստիկանությունն այդ ժամանակից հեռացրել է առաջարկությունն իր կայքից, և, ըստ հաղորդագրությունների, չկան այս առաջարկությունը խորհրդարանում մոտակա ապագայում քննարկման դնելու մասին որևէ ծրագրեր: Այնուամենայնիվ, մենք մտահոգություն ենք արտահայտում այն հանգամանքով, որ նման առաջարկություններ կարող են ներկայացվել այլ կազմակերպությունների կողմից և խնդրում ենք Ձեզ հետևողականորեն դեմ հանդես գալ իրավական նման միջոցներին, քանի որ դրանք անհամատեղելի են մարդու իրավունքների միջազգային օրենսդրության հետ և չեն նպաստի խորհրդարանական քննարկումների առաջխաղացման», – ասված է կազմակերպության նամակում:

Հայաստանի նախագահ Սարգսյանին «Human Rights Watch»-ի պաշտոնական կայքում հրապարակված նամակում ասված է, որ Հայաստանի ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակված և կայքից այնուհետև հանված օրենսդրական առաջարկությունը «նախատեսված էր պաշտպանելու Հայաստանի ընտանիքներին»՝ սահմանելով տուգանքներ Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձի 350-պատիկի չափով օրենքի պահանջները խախտած քաղաքացիների, պետական պաշտոնյաների և իրավաբանական անձանց նկատմամբ:

«Առաջարկության մեջ սակայն չէին սահմանվել «քարոզչությունը»  և «սեռական ոչ ավանդական հարաբերությունները», – գրում է իրավապաշտպան կազմակերպությունը՝ հավելելով. «Առաջարկության մեջ հստակ ձևակերպումների բացակայությունը նշանակում է, որ այն հնարավոր կլիներ օգտագործել՝ սահմանափակելու համար իրավապաշտպան կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության խմբերի և ԼԳԵՓ անձանց կամ սեռական ոլորտի աշխատողների իրավունքներով զբաղվող այլ անձանց իրավունքները: Բացի այդ, այն խտրականություն կհանդիսանար ԼԳԵՓ անձանց նկատմամբ՝ նրանց սեռական ուղղվածության և գենդերային ինքնության հիման վրա»:

Հայաստանի նախագահին «Human Rights Watch»-ի կողմից հասցեագրված նամակը պնդում է, որ երկրի ոստիկանության կողմից առաջարկվող իրավական միջոցները հակաօրինական են և հակասում են մարդու իրավունքների ոլորտի միջազգային իրավական այն ակտերին, որոնց պարտավորվել է հետևել Հայաստանը:

Կազմակերպությունը հիշեցնում է նաև, որ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեն իր թիվ CM/Rec (2010)5 հանձնարարականում նշված է, որ անդամ պետությունները, ներառյալ Հայաստանը, պետք է միջոցներ ձեռնարկեն՝ պայքարելու սեռական ուղղվածության և գենդերային ինքնության հիման վրա խտրականության դեմ:

Սերժ Սարգսյանին ուղղված նամակում «Human Rights Watch»-ը գրում է նաև, որ Հայաստանում գործող իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգություն են արտահայտել ԼԳԵՓ անձանց սոցիալական, տնտեսական և քաղաքական իրավունքների պաշտպանության գործում Հայաստանի կառավարության թերացման մասին:

«ԼԳԵՓ անձանց նկատմամբ շարունակվում են խտրականությունների դրսևորումները զբաղվածության և առողջապահության ոլորտում, ինչպես նաև բռնություններ են իրականացվում բանակում և ընտանիքներում:

Կառավարությունը դեռևս չի ընդունել Հայաստանում ատելության հողի վրա իրականացվող հանցագործություններն արգելող օրենսդրություն, ինչի պատճառով ԼԳԵՓ անձինք խոցելի են մնում այնպիսի չարաշահումներին, ինչպիսին էր 2012 թվականի մայիսին «DIY» ակումբի ուղղությամբ իրականացված հոմոֆոբային հարձակումը: Խորհրդարանում սեռի, ազգային պատկանելիության և տարիքի հիման վրա խտրականությունն անօրինական դարձնելուն ուղղված օրինագծից բացակայում է սեռական ուղղվածության վերաբերյալ քննարկումը», – ասված է նամակում:

«Հորդորում ենք Հայաստանի կառավարությանը աջակցություն ցուցաբերել ԼԳԵՓ անձանց մարդու իրավունքներին և ձեռնարկել գործողություններ՝ խոչընդոտելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և միջազգային իրավական այլ փաստաթղթերը, որոնց կողմ է հանդիսանում Հայաստանը, խախտող իրավական ցանկացած միջոցների», – եզրափակում է նամակը:

Աղբյուրը՝ amerikayidzayn.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031