Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնությունը վերահաստատում է իր վճռականությունը

Նոյեմբեր 13,2013 14:25

Հին Երևանի սրտում գտնվող «Ծածկած շուկայի» սեփականատեր օլիգարխը, բարբարոսաբար քանդելով ու աղճատելով իր տեսակի մեջ բացառիկ ճարտարապետական ստեղծագործություն համարվող հանրապետական նշանակության այս հուշարձանը, դրա տեղում ապօրինի կերպով` առանց շինարարության թույլտվության, նախագծի ու ավարտական ակտի կառուցել է հանրային առևտրի օբյեկտ: Ավելի քան մեկ ամիս է, որ «Երևան Սիթի» կոչվող այդ օբյեկտը սկսվել է ապօրինի կերպով շահագործվել՝ առանց դրա նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող որևէ փաստաթղթի:
ՀՀ պատկան մարմինները` ներառյալ ՀՀ Մշակույթի և Քաղաքաշինության նախարարությունները, Երևանի քաղաքապետարանը, ՀՀ Ոստիկանությունը և ՀՀ Դատախազությունը շարունակում են չնկատելու տալ մի շարք հանցագործություններով դրսևորվող բացահայտ ապօրինությունը, ինչի հետևանքով հանցակից են դառնում «Ծածկած շուկայի» կառուցապատողին: Նրանք չեն կատարում իրենց հիմնական գործառույթները, այն է` օրենքի պահանջների և քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, այդ թվում նաև` վերջիններիս անվտանգության երաշխավորումը: Հուշարձանն ամիսներ շարունակ նրանց աչքի առաջ վնասվել է և այժմ առանց պահպանման պարտավորագրի շահագործվում է: Ավելին, դրա տեղում ապօրինի կերպով կառուցվել և առանց անվտանգության պաշտոնական ստուգման ու հավաստման շահագործվում է առևտրի օբյեկտ, ինչի հետևանքով մշտապես վտանգվում է նաև այնտեղ գտնվող քաղաքացիների կյանքն ու առողջությունը:
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնությունը վերահաստատում է իր վճռականությունը` հասնելու իր առջև դրված հետևյալ նպատակներին.
1. «Ծածկած շուկայի» սեփականատիրոջն օրենքով սահմանված կարգով ենթարկել պատասխանատվության, հարկադրել նրան հատուցելու հուշարձանին հասցված վնասը և վերականգնելու դրա նախկին վիճակը, ինչը ենթադրում է.
ապօրինի շինված կառույցների ապամոնտաժում,
հուշարձանի վերականգնում իր նախնական տեսքով:
2. Անվտանգության նկատառումներով անհապաղ դադարեցնել «Ծածկած շուկայի» տեղում կառուցված առևտրի օբյեկտի գործունեությունը, ինչպես նաև դադարեցնել հուշարձանի նկատմամբ սեփականատիրոջ օգտագործման իրավունքը և դրա տարածքում արգելել որևէ տնտեսական գործունեություն` մինչև նշված օրենքի պահանջների կատարումն ու հուշարձանի նախկին վիճակի վերականգնումը:
3. Վերը նշված պահանջները չկատարելու դեպքում իրավական միջոցներով սեփականատիրոջը զրկել սեփականության իրավունքից:
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական նախաձեռնությունը այս նպատակներին հասնելու համար կիրառելու է ինչպես ՀՀ օրենքներով չարգելված բոլոր միջոցները, այնպես էլ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով ու նորմերով նախատեսված մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների իրականացմանն ուղղված քաղաքացիական անհնազանդության բոլոր հնարավոր ձևերն ու մեթոդները:

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնություն
13 նոյեմբեր, 2013

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930