Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավորինս մեծ տարածություն ապահովեց ռեստորանային համալիրի միակ սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի եւ տեղի ունեցած հանցագործության միջեւ»

Նոյեմբեր 18,2013 20:11

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «Հարսնաքարի գործով» դատական վիճաբանությունների փուլը: Տուժողներ Արտակ Բայադյանի, Էդգար Նիկոյանի, Գարիկ Սողոմոնյանի, Արկադի Աղաջանյանի,  ռեստորանային համալիրում ծեծի հետեւանքով սպանված ռազմական բժիշկ, հանգուցյալ Վահե Ավետյանի անունից ճառով հանդես եկավ նրանց ներկայացուցիչը` ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Եգորյանը:

IMG_1862

Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչը, չնայած ՀՀ փաստաբանների պալատի անդամ վահե Գրիգորյանն էր, սակայն Տիգրան Եգորյանը դատավորի հարցին, թե բոլորի անունից է ներկայացնելու իր ճառը, պատասխանեց դրական:
Ճառը տեւեց մեկ ժամ հինգ րոպե, եւ ավարտվեց նրանով, որ Տիգրան Եգորյանը միջնորդեց մեղադրանքը պաշտպանող դատախազին մեկ ամսով հետաձգել դատաքննությունը, առաջադրել նոր մեղադրանք, մասնավորապես դիտավորյալ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում` ՀՀ քրօրի 104 հոդվածի  5-րդ, 7-րդ եւ 10-րդ հոդվածի հատկանիշներով: Նա խիզախության կոչ արեց դատախազին, եւ ըստ նրա, եթե որոշակի ճնշումների ենթարկվի դատախազը` կոչ արեց դատարանին, արարքը որակել, ճիշտ գնահատական տալ կատարված հանցագործությանը: Երբ դատավոր Դավիթ Հարությունյանը զարմացած հարցրեց, թե ճառի ժամանակ միջնորդություն է արվում նույն` մեղադրանքի կողմին, եւ դատարանը ինչ պիտի անի` քննարկի, փաստաբան Տիգրան Եգորյանն ասաց, թե հնչեցրեց ճառի մեջ, թող արձանագրվի այդպես, ապա հրաժարվեց միջնորդության քննարկումից:
Նկատենք, որ ռեստորանային համալիրում ծեծի ենթարկված տուժողներից որեւէ մեկը ներկա չէր իրենց ներկայացուցիչի ճառին:

IMG_1860

Տիգրան Եգորյանն անդրադարձավ նախաքննության, դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցներին, ցուցմունքներին, ինչպես տուժողների, այնպես էլ ամբաստանյալների: «Ամեն գնով փորձ էր արվում հնարավորինս մեծ տարածություն ապահովել ռեստորանային համալիրի միակ սեփականատեր,  հայտնի հայաստանյան օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի եւ տեղի ունեցած հանցագործության միջեւ, որի անկյունաքարն էր վերջինիս եւ նրա թիկնազորի անդամներ Գարիկ Մարգարյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Խաչատրյանի, Արման Բաղդասարյանի, եւ ըստ երեւույթին, վարորդ Արթուր Բաբլոյանի միջեւ կապի ոչնչացումը: Ինչը կատարվեց վերջիններին ռեստորանային համալիր ի աշխատակիցներ ներկայացնելու միջոցով: Այդ հանգամանքն առավել արժանահավատ դարձնելու համար ստեղծվեցին կեղծ աշխատանքային պայմանագրեր ամբաստանյալների եւ ռեստորանային համալիրի միջեւ»-ասաց Տ.Եգորյանը:

Ըստ փաստաբանի, ամբաստանյալների ` Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ հանդիսանալու հանգամանքը կամ հիմնավոր կասկածը  գնալով խորացել է մամուլում հայտնված բազմաթիվ հրապարակումների եւ լուսանկարների շնորհիվ : Տիգրան Եգորյանը հղում անելով նախաքննության նյութերին հայտնեց, որ կեղծված պայմանագրերում եւ ամբաստանյալների ցուցմունքներում առկա էին հակասություններ, ստորագրությունների պարզ համադրությամբ ակնհայտ դարձավ, որ այդ ստորագրությունները էապես տարբերվում են գործում առկա նրանց ստորագրություններից:

«Ամբաստանյալները չեն հանդիսանում ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցներ»,-ասաց Տ.Եգորյանը:

Տուժողների ներկայացուցիչը հղում կատարեց մեղադրյալ Գարիկ Մարգարյանի ցուցմունքին, համաձայն որի, անցյալ տարվա հունիսի մեկից աշխատում է «Հարսնաքարում» եւ այդ պաշտոնում միայն ինքն է աշխատում, իսկ ամբաստանյալ Դավիթ Ադամյանն էլ հայտնել էր, որ Գարիկն ու Ռուբեն Հայրապետյանի «ախրանիկներից» «Կյաժը»` Արթուրը ռեստորանի դիմաց կայանած մեքենաների մոտ կռվում էին գլխարկով տղայի, եւ նրա հետ եկած մյուս տղաների հետ:

Ըստ տուժողների ներկայացուցչի մեկ այլ հղումի էլ, Նորայր Հայրապետյանն իր նախաքննական ցուցմունքում հայտնել էր, որ չի աշխատում, ապա, լսել էր, որ շուրջ երկու տարի է, որպես անվտանգության աշխատակից աշխատում է ֆուտբոլի ազգային ակադեմիայում:

Տուժողների ներկայացուցիչը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ գործում առկա են գրություններ, ուղղված ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Վահագն Հարությունյանի, նույն վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների բաժնի պետ Արսեն Այվազյանի կողմից,  այն մասին, որով չունենալով ոչ մի հիմք, «անհասկանալի» պատճառներով որոշել են, որ «Կյաժ» մականունով Արման Խաչատրյանը «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակից է: Սա այն դեպքում, երբ ռեստորանային համալիրի աշխատակիցները չեն ճանաչել Արման Խաչատրյանին, Արման Բաղդասարյանին, Արթուր Բաբլոյանին, Գարիկ Մարգարյանին որպես ռեստորանային համալիրի աշխատակիցների:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930