
Տեղեկացնենք, որ 0 համաթիվը նշանակում է, որ երկիրը բացարձակ կոռումպացված է, իսկ 100 համաթիվը՝ բացարձակ մաքուր:
Ինչպես ցույց է տալիս հետազոտությունը, բարելավում տեղի է ունեցել բացառապես մեկ կազմակերպության, այն համաշխարհային Բանկի կողմից հանրային քաղաքականության և ինստիտուցիոնալ գնահատման արդյունքում ՀՀ ցուցանիշների զգալի բարելավման արդյունքում:
Aravot.am-ը պարոն Հոկտանյանից հետաքրքրվեց՝ այս ցուցանիշների արդյունքում ինչպիսի՞ հետևություններ կարող ենք անել: Նա պատասխանեց. «Առաջին հայացքից ու մոտավորությամբ հնարավոր է ասել, որ Հայաստանում հանրային սեկտորում կոռուպցիան շատ լուրջ խնդիր է, այս խնդիրը կա նաև պետական հաստատություններում: Մյուս հետևությունն այն է, որ տարածաշրջանն է բավականին կոռումպացված: Միակ երկիրը, որն ունի 50 համաթիվ, Թուրքիան է: Այսինքն՝ ՀՀ-ն նույնիսկ այսպիսի ցածր համաթվով այս տարածաշրջանի համեմատությամբ վատ ցուցանիշ չունի: Բայց ես խորհուրդ չէի տա դրանից ոգևորվել: Այն երկրները, որոնք մեզ համար օրինակ պիտի ծառայեն, ունեն բարձր համաթիվ (նկատի ունի եվրոպական երկրներին,-Տ.Հ.)»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի դիտարկմանը, թե Հայաստանը լրիվ հակառակ ուղղությունն է որդեգրել՝ միանալով Մաքսային միությանը, որի անդամ-երկրներն իրենց համաթվերով զիջում են Հայաստանին, պարոն Հոկտանյանն այսպես արձագանքեց. «Սա շատ ավելի բարդացնում է այդ նպատակին հասնելը, բայց նաև անհնար չի դարձնում: Ընտրությունը, որ արվեց, զարգացման տարբեր սցենարների արդյունք էր: Դա ավելի շատ իրավիճակային որոշում էր: Բայց մյուս կողմից 2008-2011 թվականները ցույց են տալիս, որ լճացման վիճակ էր: Փաստորեն մենք այդպես էլ չտեսանք որևէ առաջընթաց, չնայած այդ ժամանակ էլ խոսում էինք եվրաինտեգրման իդեալներից ու գաղափարներից»:
Պարոն Հոկտանյանը նաև ամփոփելով նշեց, թե կոռուպցիայի դեմ հանձնաժողովներով կամ խորհուրդներ ստեղծելով հնարավոր չէ պայքարել: Դրա համար քաղաքական կամք է պետք:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































