
Մեր զրուցակիցը առաջին մասնագիտությամբ դաշնակահար է: Ասաց, որ դեռ երեք տարեկանից է սկսել նվագել, անվանի օպերային երգիչ Արշավիր Կարապետյանն էլ ուղեկցել է իրեն՝ մասնակցելու Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ընդունելության քննություններին: Նշեց, որ սիրել է ջազը, բայց դասական երաժշտական կրթություն ստացողներին այն տարիներին (1970-ականներ) արգելվում էր նույնիսկ ջազի անունը տալ: «Թեեւ երաժշտությունն իմ տարերքն էր, բայց նույնիսկ դպրոցում կանխազգում էի, որ դա ինձ չի բավարարում, արտահայտման մի այլ միջոց էլ է պետք: Մի այլ միջոցը շուտ չգտնվեց. դեռ Չայկովսկու սան, Հայաստանի արվեստի գործիչների թվում 1981-ին մեկնեցի Ռիգա՝ համերգների, որին հաջորդեց մեկ տարի հետո մենահամերգով հանդես գալու առաջարկը: Տարվեցի Մերձբալթիկայով: Դպրոցն ավարտելուն պես ընտանիք կազմեցի եւ ամուսինս դարձավ իմ իմպրեսարիոն: Արթուրն արդեն կայացած տղամարդ էր, ավելին՝ կրթության եւ գիտության նախարարությունում զբաղեցնում էր բարձր պաշտոն ու տարված էր իմ արվեստով: Այն տարիներին էլ ֆինանսը մեծ դեր էր խաղում… Ընդունվեցի Ռիգայի պետական կոնսերվատորիա եւ, ինչպես ասում են՝ ջրի ճամփա դարձավ Մերձբալթիկան: Հետո ամուսինս ծանր հիվանդացավ: Այդ տարիներին անվանի նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանն ինձ բարեկամական խորհուրդ տվեց՝ ձեռքս վերցնել վրձին, եւ սկսվեց…»,- հիշեց Հասմիկ Գասպարյանը: Նրա խոսքերով՝ «զուտ դիլետանտիզմով չզբաղվելու համար ընդունվեցի Մոսկվայի արվեստների պետական համալսարան՝ Մոլուուդիկի արվեստանոց եւ ընտանիքով տեղափոխվեցինք Մոսկվա: Սովորելու տարիներին եւ հետո սկսվեցին աշխատանքներիս ցուցադրումը ոչ միայն Ռուսաստանում, այլեւ եվրոպական երկրներում եւ Ամերիկայում: Նշեմ, որ, 2004թ. լինելով ՌԴ արվեստի ակադեմիայի անդամ, 1-2 կտավներով մշտապես մասնակցել եմ Հայաստանում կայացած խմբակային ցուցահանդեսների: 2014-ին բազմաժանր կտավներով կներկայանամ հայրենակիցներիս: Ասեմ նաեւ, որ աշխատել եմ ճանաչված գեղանկարիչ, դիզայներ Բորիս Կրասնովի արվեստանոցում… Բայց հավատացնում եմ՝ երբեք չեմ խզել կապս երաժշտության հետ»:
Արվեստագետը հայտնեց, որ Մոսկվայում Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում ունեցած ցուցադրությունից հետո անվանի դերասանը իրեն հրավիրել է աշխատանքի՝ իբրեւ բեմանկարիչ: Առաջին գործը թատրոնում՝ Չեխովի «Երեք քույրն» էր: Հավելեց նաեւ, որ Ջիգարխանյանն իրեն ավելի շատ երաժիշտ էր համարում, ասելով՝ աղջիկս, տաղանդավոր ես որպես գեղանկարիչ, բայց աչքերս քեզ ընկալում են իբրեւ երաժիշտ:
Ռեպլիկին՝ իսկ ինքն իրեն որտեղ է տեսնում, տիկին Գասպարյանը նախ ասաց, թե երաժշտության ոլորտում ինքը կատարող է, իսկ նկարչության մեջ՝ ստեղծող, հետո էլ պատասխանեց. «Մայր լինելն է իմ կոչումը: Թող ներեն երկու զավակներս, բայց իմ զավակներն են նաեւ երաժշտությունն ու նկարչությունը»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































