Aravot.am-ի տեղեկություններով, այսօր կեսօրին Գյումրի կայցելի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Մեր աղբյուրների հավաստմամբ, նրա այցը քաղաքական չէ, այլ կապված է սպորտի ոլորտում պարոն Ծառուկյանի կատարած որոշակի ներդրումների հետ: Նա պատրաստվում է կտրել օլիմպիական հերթափոխի դպրոցի կարմիր ժապավենը, որը վերանորոգվում էր նրա անձնական միջոցների հաշվին, այնուհետ պատրաստվում է Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում որոշակի անակնկալներ անել մարզիկներին, նրանց պարգևատրել ու իր կողմից նվերներ հանձնել, ամենայն հավանականությամբ՝ հեռուստացույցներ :
Հետաքրքիր է, որ նրա այցի մասին տեղի լրատվամիջոցներին դեռ պաշտոնապես չեն իրազեկել: Միգուցե պատճառն այն է, որ ԲՀԿ առաջնորդի Գյումրի կատարած ամեն մի այց վերածվում է աղքատների հանրահավաքի: Սոցիալապես անապահովները, իմանալով ԲՀԿ առաջնորդի գալու մասին, հավաքվում են տվյալ վայրում, շրջափակում նրան ու գումար խնդրում: Բարեգործի անուն հանած պարոն Ծառուկյանին թույլատրում են տեղաշարժվել միայն այսպես ասած «մուծվելուց» հետո:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































