«Եթե Հայաստանը որոշում է գնալ Մաքսային միություն, ապա իր ինքնիշխանության մի մասը փոխանցում է Մաքսային միությանը»,- ասաց Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը:
Նրա խոսքով, Հայաստանն այլեւս չի կարող խոսել ազատ առեւտրի գոտու մասին Եվրամիության հետ, որովհետեւ սակագների հարցը որոշելու է Մաքսային միությունը. «Հայաստանը այլեւս ազատ չէ սակագների սահմանման հարցում, որովհետեւ այդ իրավասությունը փոխանցում է Մաքսային միությանը: Արդեն Մաքսային միությունն է` որպես իրավական մարմին, այլ երկրների հետ բանակցություններ վարելու այդ հարցերի շուրջ»:
Պարոն Մորելի խոսքով, ՄՄ-ին անդամակցելով, Հայաստանը սոցիալ-մշակութային, քաղաքական ոլորտներում դեռ բաց է ու ինքնիշխան եւ պետք է իր ձեռքը վերցնի այդ ոլորտներն ու կարողանա ինքնուրույն գործել այդ ոլորտներում. «Եթե չհակառակվի, ապա Մաքսային միությունից նոր առաջարկներ կլինեն նաեւ այլ ոլորտներին վերաբերող»:
Դեսպանի խոսքով, թեեւ Ռուսաստանը ոչինչ չի ասում` արդյոք անվտանգության հարցում երաշխիք տվել է Հայաստանին, թե`ոչ, բայց. «Այն իրավիճակում, որում գտնվում է Հայաստանը, շատերի մեջ առաջացնում է այն միտքը, որ Մաքսային միությանը միանալու գերխնդիրը Հայաստանի համար անվտանգության հարցն է եղել: Եվրոպան հարցականի տակ չի դնում, որ Ռուսաստանն, իր բազան ունենալով Գյումրիում, այդ ճանապարհով է անվտանգության երաշխիքներ տալիս: Հայաստանն ու Ռուսաստանը հին գործընկերներ են, միասին նույն ռազմական համագործակցության շրջանակներում են: Լուծելով Ղարաբաղի հիմնախնդիրը՝ նոր իրավիճակ կստեղծվի»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը չնախաստորագրելը ստվեր չի՞ գցում արդեն կատարված աշխատանքի վրա, պարոն Մորելը պատասխանեց. «Այն, ինչ արվել է կարող ենք դրանց շուրջ համաձայնության գալ եւ իրականացնել: Մաքսային միությանն անդամակցելն աշխարհի վերջ չէ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարները` mediamax.am-ից


















































