Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրեյ Պյատախին. «Մենք նպատակ ունենք այս ամենի մեջ ներառելու երիտասարդներին»

Փետրվար 20,2014 14:15

Փետրվարի 20-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Սիս» սրահում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված Բրիտանական ֆիլմերի կինոփառատոնի բացմանը: Ասուլիսին ներկա էին «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, մամուլի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը, Բրիտանական Խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը եւ Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամուլի պատասխանատու Լիլիթ Քալանթարյանը: Այս տարի բրիտանական ֆիլմերի փառատոնի թեմատիկան էր հաղորդակցությունը եւ նրա ներառական խնդիրները մեր հասարակության մեջ:

«Ինչպես միշտ Բրիտանական ֆիլմերի փառատոնը անցկացվում է Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ համատեղ: Այս տարի ունենք նոր գործընկեր՝ Յունիսեֆը: Արդեն ավանդույթ է դարձել, որ մենք օգտագործում ենք բրիտանական ֆիլմերի փառատոնը՝ վերհանելու հարցեր, որոնք արդիական են եւ հուզում են հասարակությանը: Այս տարվա թեման լինելու է հաղորդակցությունը եւ նրա ներառական խնդիրները մեր հասարակության մեջ»,- ասաց Արեւիկ Սարիբեկյանը:

Երեւանում ֆիլմերի ցուցադրությունները կսկսվեն փետրվարի 22-ին եւ կտեւեն մինչեւ մարտի 5-ը: Ֆիլմերը կցուցադրվեն Երեւանի բոլոր կինոթատրոններում: Մոսկվա կինոթատրոնի դահլիճում ժամը 17:00-ին ցուցադրվող ֆիլմերը կլինեն անգլալեզու, իսկ ժամը 20:00-ի ֆիլմերը կունենան նաեւ հայերեն թարգմանությամբ տեքստ: Մարտի 7-16-ը ֆիլմերը կցուցադրվեն Գորիսում, Գյումրիում եւ Գավառում:

Ինչպես ամեն տարի, այս տարի եւս Բրիտանական ֆիլմերի փառատոնը կունենա հյուրեր: Իսկ հյուրերը կլինեն Բրիտանական ֆիլմերի բաժնի խորհրդատու Քրիսթին Բարդսլին եւ «Պարզամիտ Ջիմը» ֆիլմի ռեժիսոր Մեթ Հալսը: Քրիսթին Բարդսլին իր այցելության ընթացքում կհանդիպի ֆիլմարտադրության ոլորտի ներկայացուցիչների հետ:

«Փառատոնի շրջանակներում խոսվում է այն մարդկանց մասին, որոնք ունեն հաղորդակցական խնդիրներ: Սա լավ առիթ է եւս մեկ անգամ հիշեցնելու, որ այդպիսի մարդիկ կան, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ կյանքն իրենց համար առավել հեշտ դառնա, եւ որ իրենք իրենց մեր հասարակության լիարժեք անդամ զգան: Ավելին, մենք նպատակ ունենք այս ամենի մեջ ներառելու երիտասարդներին եւ հայտնաբերել երիտասարդ նոր անուններ, ովքեր իրենց տաղանդով եւ ժամանակակից հայացքներով նոր շունչ կհաղորդեն հայ կինոարվեստին եւ հայկական մշակույթին»,- ասաց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Այս տարի եւս Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում կանցկացվի գրախոսության մրցույթ, որի հաղթողները կստանան iPad Air: Երիտասարդներին նաեւ հնարավորություն կտրվի նկարել մեկ րոպեանոց ֆիլմ, որը կմասնակցի մրցույթի:

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728