Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան-Հրայր Թովմասյան հակամարտություն. ո՞վ է մեղավորը (Տեսանյութ)

Փետրվար 25,2014 17:55

«Ցավոք, բայց թողած երկրում սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական բազում հարցեր, այդ երկու բառերի հետևից ենք ընկել, դրանք դարձրել ներքաղական դիսկուրսի առարկա»,-Aravot.am-ի հարցին` մտահոգիչ չէ՞ այն փաստը, որ խորհրդարանում հայհոյելը դարձել է սովորական երևույթ, այսպես պատասխանեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը:

Ըստ պարոն Քեռյանի`մտահոգիչ է հատկապես այն, որ երկրի ներսում իշխանություն-ընդդիմություն չեն կարողանում իրենց հարցերը քննարկել բարձր մակարդակով, ուստի հարմար առիթ է` մեկը մի բան է ասել, մյուսը մյուսին պատասխանել է` նույնիսկ ոչ քաղաքական բանավեճով»: Անդրադառնալով կոնկրետ Հրայր Թովմասյան-Արմեն Ռուստամյան հակամարտությանը` հետաքրքրվեցինք` ո՞ւմ մեղքն է ավելի մեծ: Նա պատասխանեց. «Ընդհանուր առմամբ սա մեր ցածր քաղաքական մշակույթի արդյունք է երկկողմանի: Թեև ես ինքս նախարարի արտահայտած բառը վիրավորական չեմ համարում, բայց, մյուս կողմից ճիշտ չէր նման կերպ պատասխանելը: Բայց նաև պիտի հիշենք, որ խոսքը այն հարթակի մասին է, որտեղ մարդկանց ներվերը լարված են, պայքար, հակամարտություն, բախում կա: Ցանկացած նման իրավիճակում մարդ կարող է հավասարակշռությունը կորցնել ու սահմանից, ափերից դուրս գալ»: Ամփոփելով խոսքը` պարոն Քեռյանն ասաց. «ՀՀ խորհրդարանում, ցավոք, ոչ թե ականատես եղանք քաղաքական խնդրի շուրջ բախմանը, որտեղ մարդկանց ներվերը չհերիքեց իրենց տեսակետն առաջ տանելու հարցում, այլ հարցը վերածվեց մեկ նախարարի արտահայտության շուրջ պատասխան խոսքակռվի: Դա հաճելի երևույթ չէ, բայց դա դրամատիկ կերպով չպետք է ներկայացնել»:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի համար խորհրդարանում հայհոյելը ևս անընդունելի է: Նա այս առիթով նկատեց. «Մեզ`որպես ժողովուրդ, չի սազում: Մենք ահռելի մշակույթի տեր ժողովուրդ ենք, խուժանությունը բերեցին լցրին: Ցավոք ժողովրդի որակը փոխվում է: Երբ ժողովուրդը քանակապես կրճատվում է,պետք է ենթադրել, որ որակը փոխվում է»: Անդրադառնալով Արմեն Ռուստամյան-Հրայր Թովմասյան հակամարտությանը, պարոն Շիրինյանը նկատեց. «Հրայր Թովմասյանը արժանի պատասխանը ստացավ, ճիշտ պատասխան ստացավ, բայց դա չպետք է լիներ, Հովիկ Աբրահամյանն էլ պետք է ասեր, թե լավ արեց, քանի որ հարցը ուրիշ կերպ չէր փակվի»:

Մեր այն հարցին` արդյոք Արմեն Ռուստամյանի պատասխանը կոռեկտության սահմաններո՞ւմ էր, պարոն Շիրինյանը պատասխանեց. «Եթե այդպես չասվեր, նա չէր հասկանա: Սա դարձավ պետական քաղաքական մշակույթի նիշի ամենացածր աստիճանը: Սա գալիս է Լևոն Տեր-Պետրոսյանի տարիներից: Այնքան ասացին, թե սովորական ժողովուրդ է հայը, իր գիտակցության մեջ եղած հպարտությունը, որ ուներ իր անցյալի մասին, այևս սովորական դարձավ, ամեն ինչ դարձավ հասանելի: Այստեղ իշխանության հեղինակության հարցն է, անթույլատրելի է իշխանության հեղինակությունը ոտքի տակ տալը: Նույնն էլ եղավ Ուկրաինայում: Իշխանությունը սովորական ծամոն դարձավ, ոտքի տակ ընկավ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728