Արևմուտքը մտադիր է շատ խիստ հակադարձել Ռուսաստանի ագրեսիային։
Մոլորակի տնտեսապես առավել զարգացած յոթ երկրները հայտարարել են, որ չեն մասնակցելու այս տարվա հունիսին Սոչիում նախատեսված միջազգային գագաթնաժողովին։
Դեռ Բորիս Ելցինի նախագահության օրոք Ռուսաստանը միացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Մեծ Բրիտանիային, Կանադային, Ֆրանսիային, Ճապոնիային, Գերմանիային և Իտալիային, և այդպես կազմվել է Մեծ ութնյակը։
Հիմա` առնվազն ոչ պաշտոնապես, վերականգնվում է հին ձևաչափը՝ Մեծ յոթնյակը, և դա ուղղակիորեն արվում է ի պատասխան Ուկրաինա ռուսաստանյան ռազմական ներխուժման։
Կարդացեք նաև
Սպիտակ տունը երեկ Միացյալ Նահանգների, Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի անունից հրապարակել է Մոսկվայի գործողությունները դատապարտող հայտարարություն, ըստ որի՝ դրանք հակասում են Մեծ յոթնյակի և Մեծ ութնյակի որդեգրած սկզբունքներին և արժեքներին։
Հայտարարությունում Ռուսաստանի քայլերը որակվում են որպես «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ակնհայտ ոտնահարում»։
Մեծ յոթնյակն իր հայտարարությամբ նաև հավաստիացրել է, որ կաջակցի Ուկրաինային Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ֆինանսական օգնություն ստանալու հարցի շուրջ բանակցություններում։
Արմեն Քոլոյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում


















































