Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց «Արարատյան քննարկումներ» նախագիծը

Մարտ 09,2014 12:19

Մարտի 7-ին մեկնարկեց Արարատյան Հայրապետական թեմի և «Ծիրանի մշակութային հանգույց» ՀԿ-ի համատեղ` «Արարատյան քննարկումներ» նախագիծը:  Այն կյանքի է կոչվել ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ու աջակցությամբ:

Առաջին հանդիպումը նվիրված էր գրաբարին: ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Շահե քահանա Հայրապետյանը և ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը միջոցառումը բացեցին Տերունական աղոթքով: Ապա ցուցադրվեց «Գրաբար. լեզու նախնյաց»  ֆիլմը. հեղինակ` Նարեկ Աշուղաթոյան, օպերատոր` Լևոն Առաքելյան:

Ֆիլմի դիտումից հետո  «Ծիրանի մշակութային հանգույց» ՀԿ-ի նախագահ Նարեկ Աշուղաթոյանը պատմեց, թե ինչպես է ծնվել ֆիլմը: Նրա խոսքով` այն գրաբարի ուսուցման ու տարածման ծրագրի մի մասն է: Այդ ծրագրի շրջանակում նրանք կազմակերպել են գրաբարի դասընթացներ, որոնց մասնակցել է շուրջ 200 մարդ: Հիմա գրաբարի դասեր կազմակերպում են նաև Լոնդոնում: Ժամանակակից տեխնոլոգիաները ևս օգտագործվում են այս նպատակի համար.  «Ծիրանի մշակութային հանգույցի» անդամները ստեղծել են www.grabar.am կայքը, որով  յուրաքանչույրը կարող է սովորել գրաբար` լսելով դասախոսությունները, հետևելով անիմացիայի միջոցով տրվող բացատրություներին ու օգտվելով բառարանից:

Գրաբարի նշանակության, արժեքի ու աստվածային լեզու լինելու մասին խոսեց արժանապատիվ Տ. Շահե քահանա Հայրապետյանը: Նա ասաց, որ մի շարք լեզվաբան-գիտնականների կարծիքով գրաբարը նախամարդու` Ադամի ու Եվայի լեզուն է եղել: Նրանք այդ լեզվով են շփվել Աստծո հետ: Եթե ֆրանսերենը պոեզիայի լեզու է, անգլերենը` քաղաքականության, լատիներենը` գիտության, ապա գրաբարը հոգևոր լեզու է, Աստծո հետ հարաբերվելու, աղոթքի լեզու է: «Գրաբարով պահպանվել են բազմաթիվ հնավանդ ստեղծագործությունների թարգմանություններ, որոնք համարվում են բնագրեր, քանի որ դրանք հնագույն տարբերակներն են»:

Գրաբարի մասին քննարկմանը մասնակցելու էր եկել նաև պատմաբան Ռաֆայել Համբարձումյանը, ում ուրախացրել էր մարդաշատ դահլիճը: Նրա խոսքով՝ գրաբարի մասին քննարկումները երբեք այսքան մեծ լսարան չեն ունեցել: Վերադարձը դեպի գրաբարին, դեպի նախնյաց լեզվին Ռ. Համբարձումյանը տեսնում է դպրոցների միջոցով, որտեղ, ըստ նրա, պետք է պարտադիր ուսուցման  առարկա դառնա:

Ն.Աշուղաթոյանի խոսքով գրաբարը դպրոց ներմուծելու համար նախ դասագքեր, դասավանդողներ ու նոր մեթոդաբանություն է պետք, ինչն այս պահին դժվարիրականացնելի է: «Հենց այդ պատճառով էլ մենք ընտրել ենք ոչ ֆորմալ կրթության տարբերակը: Հիմա աշխատում ենք դասավանդողներ պատրաստելու ուղղությամբ:  Չնայած սրան, պետք է ասել, որ այսօր գրաբարն արդեն մուտք է գործել  դպրոց` «Այբ» ավագ դպրոցի օրինակով»:

Գրաբար դասավանդվում է նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Կրթահամալիրի  էլետրոնային գրադարանի ղեկավար Զարուհի Առաքելյանը ներկայացրեց իրենց մոտ իրականացվող  «Գրաբարը ծեսի լեզու»  նախագիծը, որով սովորողները ծանոթանում ու  սովորում են գրաբար:  Նա ասաց, որ իրենց կայքում տեղադրել են www.grabar.am –ի հղումը և արդեն 1000 այցելություն է գրանցվել: Սա նշանակում է, որ գրաբարի մասին այս հղումը հետարքրել է սեբաստացիներին:grabar1

«Արարատյան քննարկումներ» նախագիծը բաց է բոլորի համար: Ծրագրի շրջանակում կկազմակերպվեն սեմինար- դասախոսություններ, հանդիպումներ ու քննարկումներ գիտնականների, մշակույթի գործիչների ու հոգևորականների հետ: Այն պետք է օգնի հայ մարդուն ծանոթանալ հայրենի ժառանգությանը, արժեքներին, հնարավորություն ստեղծի վերլուծել ազգային առանձնահատկությունները և նորովի անդրադառնալ պատմությանն ու դրա դասերին:

 

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31