Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Հարությունյանը դատի է տալիս Սուրիկ Խաչատրյանին եւ պահանջում նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկը

Մարտ 10,2014 14:23

«Հայտարարում եմ, որ Սուրիկ Խաչատրյանը շուտով ստիպված կլինի կանգնել դատարանի առաջ, հարկադրված կլինի հրապարակայնորեն հերքել իմ մասին հնչեցրած անհեթեթ կարծիքը եւ դատարանի որոշմամբ ինձ վճարել սահմանված նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով դրամ: Անկասկած, պատիվս, արժանապատվությունս անգին են, ինձ վիրավորելու համար էլ պետք է հատուցեր ավելին: Սակայն ՀՀ օրենսդրությունը նախատեսում է առավելագույնն այդչափ հատուցում, ինչը, ցավոք, օրինապահ քաղաքացիս չի կարող փոխել»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը՝ պատասխանելով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին:

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը օրերս մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում Սամվել Հարությունյանին «հոգեկան հիվանդ» եւ «անմիտ» էր անվանել:

Սամվել Հարությունյանի մեկնաբանությամբ՝ «Լիսկան ասուլիս է տալիս, խելքին աշեցեք: Այո՛, կալանավայրերում պագոններ երազող այդ անձնավորությունը դեռ բանտում չէ, անգամ հանդգնել է ունենալ մամուլի ասուլիս, մեղադրել ոչ միայն սպանված Ավետիքին, այլեւ որդեկորույս հորը՝ Էմիլ Բուդաղյանին: Անշուշտ, ինքը՝ Սուրիկ Խաչատրյանը, չի հավատում Բուդաղյանների, լրագրողների, իմ եւ այլոց հասցեին արտահայտած ոչ մի նախադասության, սակայն, չգիտես ինչու, կարծել է, որ իր «մեկնաբանությունները» գուցե համոզեն որոշ մոլորյալների»:

Ըստ Սամվել Հարությունյանի, այդ ասուլիսից միակ ուշագրավ բանը Սուրիկ Խաչատրյանի ցուցմունքն է առ այն, որ ՀՀ իրավապահ համակարգի ղեկավարները ոչ թե իր, այլ Սերժ Սարգսյանի հետ քննարկելուց հետո են իմացել Գորիսի ոճրագործության վերաբերյալ իրենց անելիքը. «Լիսկան իր ասուլիսով հերթական անգամ ապացուցեց, որ երիցս ճիշտ է երջանկահիշատակ Արմեն Հովհաննիսյանը, ըստ որի, կան մարդիկ, որոնց միմիայն դեմքի արտահայտությունն ավելի քան բավարար է՝ նրանց կալանքի տակ պահելու համար: Հուսանք, որ ասուլիսից հետո որեւէ լուրջ մարդ, անկախ կուսակցական պատկանելությունից, այլեւս իր մոտ չի հանդուրժի Լիսկայի ավելորդ ներկայությունը:

Թեկուզեւ նա ասուլիսի ընթացքում համոզմունք հայտնեց, որ իրեն չի պատկերացնում ընդդիմադիր դաշտում, սակայն հրապարակվող տեղեկությունները եւ ամենակարեւորը՝ նրա բնույթն ու էությունը հաստատում են, որ նա իր հետագա անձեռնմխելիության եւ իշխանական կերակրատաշտին մոտ գտնվելու համար դեմ չի լինի իր մականվանը հարիր դերակատարում ունենալ հնարավոր բուրժուադեմոկրատական հեղափոխությունում եւ ազգային համաձայնության կառավարության կազմավորման գործում: Չէ՞ որ Լեւոն Տեր-Պետրոսյանին իմ քննադատությունից պաշտպանելու պատրվակով 1993-ի փետրվարի 25-ին պատրաստ էր Գորիսի քաղաքապետի աշխատասենյակում գնդակահարելու ինձ, ինչը չի կաշկանդել 1998-ի սկզբներին առաջիններից մեկը դավաճանել առաջին նախագահին՝ նրան, ում անունով երդվում էր: Ոչ ոք չի մոռացել 1999-ի հոկտեմբերի 27-ը, երբ նա, կրելով արտասովոր զենքեր, ոչ միայն չէր փորձել իր կյանքը վտանգել հանուն այն ժամանակվա իր միակ Աստծու՝ Վազգեն Սարգսյանի, այլ հակառակ Արմենակ Արմենակյանի կեցվածքի, առաջինն է պատսպարվել ԱԺ թիկնաթոռների տակ»:

Ասուլիսի վերջում Սուրիկ Խաչատրյանը, պատասխանելով լրագրողների հարցին, ասել էր, որ ինքը մարտական ակտիվ գործողությունների մեջ՝ ռազմաճակատում չի տեսել գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանին: Սամվել Հարությունյանի խոսքերով՝ «Այստեղ նա չի ստում լոկ այն պատճառով, որ մարտական դիրքերում՝ Ֆիզուլու մոտ, ադրբեջանական հակահարձակման պահին իր գումարտակին լքած, հանձնարարված դիրքերից ճողոպրած, զինվորների շրջանում նախախուճապային տրամադրություններ արթնացրած, ռազմաճակատի պատասխանատու փառապանծ գեներալ Իվանյանի ցասումից հրաշքով փրկված եւ ողջ մնացած դասալիք Լիսկան, իհարկե, մարտնչելիս չպիտի տեսներ ո՛չ Վարդան Ավետիսյանին, ո՛չ էլ այլոց: Նրանց կարող էր տեսնել ճողոպրելիս: Այդ մասին առաջիկայում կլինեն ուշագրավ հրապարակումներ»:

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը եւս դատի էր տվել Սամվել Հարությունյանին: Պարոն Հարությունյանը դիմեց միջազգային կառույցներին, մեր երկրում հավատարմագրված դեսպաններին՝ 2014-ի մարտի 12-ին ժամը 14.30-ին ներկա լինել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գայանե Կարախանյանի նախագահությամբ բողոքի քննությանը. «Կոչ եմ անում դառնալ ականատես Սուրիկ Խաչատրյանի, նրա բանդայի հեղինակած հանցանքների մասին իր հայտարարություններին՝ Գեւորգ Կոստանյանի, ՀՔԾ պետի անգործությունը վերացնելու, վերջապես քրեական գործ հարուցելու այդ արտասովոր ոճրագործին ու նրա բոլոր հանցակիցներին կալանավորելու, դատարանի առջեւ կանգնեցնելու պահանջի վերաբերյալ ընդունվելիք որոշմանը: Անվիճարկելի է, մեր ժամանակների հակահերոսը կանգնելու է Աստծո, իսկ մինչ այդ՝ հայոց արդար ու ահեղ դատաստանի առաջ: Մեղքերի մեջ թաղված Լիսկայի դիմաց վերջապես բացվելու է ցմահ բանտարկյալի մենախցի դուռը: Հանրահայտ է, որ դատի եմ տվել ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՀ ՀՔԾ պետին, որոնք չեն բարեհաճել ներկայանալ մարտի 5-ին կայացած դատական նիստին: Եթե ասելիք ունեք, գոնե հաջորդ նիստին ժամանեք, պարոնա՛յք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31