Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Հարությունյան. «Վայ իրենց, որ բոլոր այդ փաստերը ստիպված լինեմ դնել Եվրադատարանի սեղանին»

Մարտ 12,2014 16:53

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվեց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի բողոքը` ՀՀ գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին հասցեագրված իր դիմումի նկատմամբ դրսևորած անգործությունը վերացնելու պահանջի մասին:

Դատական նիստին ներկա չէին Գլխավոր դատախազության և ՀՔԾ-ի ներկայացուցիչները: Այս փաստը դատարանի դահլիճում պարոն Հարությունյանը նման կերպ մեկնաբանեց. «ՀՀ գլխավոր դատախազության և ՀՔԾ ներկայացուցչի չներկայանալը դատարան ճչացող ապացույցն է, որ այդ իրավապահ մարմինները, մեղմ ասած, անհարգալից վերաբերմունք են դրսևորում դատարանի նկատմամբ, ավելին, արհամարհել են ՀՀ դատական իշխանությունը»:

Սամվել Հարությունյանը նաև շեշտեց, թե ավելին, իր բողոքի հետ կապված, որով ինքը պահանջում էր վերացնել գլխավոր դատախազի անգործությունը, այդ կառույցներից անգամ գրավոր առարկություն չեն ներկայացրել:

Սամվել Հարությունյանը դատարանի դահլիճում հայտարարեց. «60-ից ավելի աղաղակող փաստեր եմ ներկայացրել ու այդքանից հետո Սուրիկ Խաչատրյանը ոչ միայն պատասխանատվության չի ենթարկվում, այլև ընդհակառակը, երկու փաստերի հետ կապված ինձ է դատի տվել»:

Այդ փաստերից պարոն Հարությունյանը առանձնացրեց մի քանիսը. «Սուրիկ Խաչատրյանը պաշտոնական դիրքի կոպտագույն չարաշահման միջոցով, ստիպել է հանցանք կատարել Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի դպրոցի տնօրեն, Սեյրան Օհանյանի հորաքրոջ որդի Մատվեյ Ղազարյանին: Մեկ դասաժամ դպրոց չհաճախած, այդ գյուղում մեկ օր չապրած, իբր ՌԴ-ում դպրոց հաճախած իր կրտսեր որդուն` Տրդատ Խաչատրյանին 2013-ի հունիսին, այդ հրեշավոր ոճրագործություններից հետո, տվել են կեղծ ատեստատ, այնուհետև պետպատվերով բանակից տարկետման իրավունքով ընդունել ՀՊՏՀ շուկայաբանության ֆակուլտետ: Կնոջ` Լորետայի համար էլ է դպրոցի, պետական կառավարման ակադեմիայի կեղծ դիպլոմներ ձևակերպել»:

Դատական նիստին Սամվել Հարությունյանին դատավոր Գայանե Կարախանյանը հարցրեց, իսկ իր դիմումներին, կամ հաղորդումներին ՀՔԾ միացե՞լ են տուժած քաղաքացիներ: Սամվել Հարությունյանի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը պատասխանեց. «Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` քրեական գործ հարուցելու առիթներից մեկը ԶԼՄ-ների հրապարակումներն են: Անկախ նրանից` տուժած անձը հանցագործության մասին հաղորդում ներկայացնում է, թե` ոչ, եթե հանցագործության վերաբերյալ փաստ է հրապարակում ԶԼՄ-ում, ապա դրա վերաբերյալ նախաքննական մարմինները պարտավոր են նախաքննություն հարուցել: Սամվել Հարությունյանը վերջին ամիսների ընթացքում հանդես է եկել հարյուրից ավելի հրապարակային հայտարարություններով Սուրիկ Խաչատրյանի և նրա ազգականների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ, ու տեսնելով, որ իրավապահները որևէ քայլ չեն անում իր հայտարարություններին ընթացք տալու կապակցությամբ, պաշտոնապես դիմել է ՀՔԾ, հետո անգործությունը բողոքարկել գլխավոր դատախազին:

Այնինչ ՀՔԾ-ն ու գլխավոր դատախազությունը պարտավոր էին տուժող ճանաչել այն անձանց, որոնք տուժել են այդ հանցագործությունից, կամ պարտավոր էին կատարել նախաքնննություն և պարզել այդ անձանց ու ճանաչել նրանց տուժող»:

Այսպիսով դատական նիստն ավարտվեց, դատարանի որոշումը կհրապարակվի մարտի 27-ին, ժամը 17-ին:

Aravot.am-ը պարոն Հարությունյանից հետաքրքրվեց` ի՞նչ սպասելիքներ ունի դատարանի որոշումից: Նա պատասխանեց. «Սին պատրանքներ չեմ տածում, որ ՀՀ որևէ դատարան կարող է հանդգնել դատախազության, ՀՔԾ-ի, Սուրիկ Խաչատրյանի դեմ վճիռ կամ որոշում ընդունել: Բաjց իմ ներկայացրած փաստերն ու ապացույցներն այնքան շատ են ու այնպես են աղաղակում, որ չեմ պատկերացնում, որ Գայանե Կարախանյանը և դատարանը ինչպես պիտի մերժեն իմ բողոքը»:

Պարոն Հարությունյանը վստահեցրեց, որ բացասական վճռի դեպքում բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ու շեշտեց. «Իմ առաջ բացվելու է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դուռը: Վայ իրենց, որ այդ բոլոր փաստերը ստիպված լինեմ դնել Եվրադատարանի սեղանին: ՀՔԾ-ի հանցավոր անգործությունը Սուրիկ Խաչատրյանի` այդ արտասովոր ոճրագործի կատարած բազում հանցանքներին ուղղակի մեղսակցությունն է: Փաստերս շատ զորավոր են, բայց բոլորն էլ գիտեն, որ նա կատարած հանցագործության մի փոքր մասն են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31