Լրահոս
Օրվա լրահոսը

Տուբերկուլյոզով հիվանդները, եթե բուժումն ընդհատում են, դառնում են դեղակայուն (Տեսանյութ)

Մարտ 24,2014 15:57

Երկարատեւ հազը, թուլությունը, գիշերային քրտնարտադրությունը, երկարատեւ ջերմությունը, խորխի առկայությունը տուբերկուլյոզի նախանշաններ են: Այսօր Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակում այս մասին ասաց կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը` խորհուրդ տալով դիմել բժշկի եւ հետազոտվել: Նրա խոսքերով, եղունգներից եւ մազերից բացի, բոլոր օրգանները կարող են հիվանդանալ տուբերկուլյոզով:

Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով պարոն Հայրապետյանը ասուլիս էր հրավիրել: Ըստ նրա՝ տարեցտարի տուբերկուլյոզով հիվանդների դեպքերը նվազում են, մահերը` նույնպես: Մանուկների շրջանում 66 դեպք է արձանագրվել, սակայն, ոչ մի մահ չի եղել:

Գրասենյակի տնօրենի խոսքերով, վատն այն է, երբ մարդիկ ընդհատում են բուժումը, ասենք` մեկնում արտագնա աշխատանքի եւ հետագայում վերադառնալով նորից սկսում, այդ հիվանդները դառնում են դեղակայուն, եւ նրանց բուժումը երկար է տեւում: Ազգային ծրագիրը քրեակատարողական հիմնարկներում եւ պաշտպանության նախարարությունում էլ է իրականացվում, որտեղ նույնպես դեպքերը նվազել են եւ միայն մեկ մահ է արձանագրվել: Պարոն Հայրապետյանի տեղեկացմամբ, տուբերկուլյոզով հիվանդանում են աշխատունակ տարիքի` 25-55 տարեկանները եւ հիմնականում՝ տղամարդիկ: Նրանց թիվը երեք անգամ գերազանցում է կանանց թվին: Ըստ վիճակագրության, հիվանդացության ցուցանիշը 2013 թվականին կազմել է 36,6, նախկին 37,4-ի փոխարեն: Անցյալ տարի արձանագրվել է տուբերկուլյոզի 1055 նոր դեպք, իսկ մահացության ցուցանիշը նվազել է` հասնելով 1,6 դեպքի`100 հազար բնակչի հաշվով, այսինքն՝ 49 դեպք՝ 2013 թվականին: Ռիսկի խմբում են ՄԻԱՎ վարակակիրները, քրեակատարողական համակարգը, թմրամիջոցներ օգտագործողները, միգրանտները, որոնք մեկնելով արտերկիր, ոչ միշտ է, որ պատշաճ պայմաններում են ապրում, սնվում եւ այլն:

Տուբերկուլյոզի բուժումն անվճար է` այն ամբողջությամբ իրականացնում է առողջապահության նախարարությունը:

Aravot.am-ի հարցին, թե մարդու իրավունքներից ելնելով, մեր երկրում տուբերկուլյոզով հիվանդ մարդուն չես կարող հարկադիր տանել բուժման, կա՞ն հիվանդներ, որոնք չեն ցանկանում բուժվել, հատկապես, որ տուբերկուլյոզի դեմ բուժումը երկար է տեւում, պարոն Հայրապետյանն ասաց, որ երբ մարդու մոտ ախտորոշվում է տուբերկուլյոզ, նախքան բուժումը նրա հետ հոգեբաններ են աշխատում եւ ներկայումս չկա այդպիսի հիվանդ, որը կհրաժարվի բուժում ստանալուց:

Արմեն Հայրապետյանի խոսքերով, տուբերկուլյոզի հարուցիչն ամենուր կա եւ եթե մարդու իմունիտետը շատ ընկած է, հնարավոր է մարդը վարակվի տուբերկուլյոզով:

Տուբերկուլյոզի դեմ բուժումը 2007 թ-ից առ այսօր, մեր երկրում իրականացվում է Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ: Առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերն իրականացնող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանն ասաց, որ ամբողջ աշխարհում նպատակ է դրվել մինչեւ 2050 թվականը տուբերկուլյոզը վերացնել, այդ պատճառով Հայաստանում էլ ծրագրի հիմնական նպատակներից է ակտիվացնել եւ բացահայտել տուբերկուլյոզի չբացահայտված դեպքերը:

Մեր երկիրը, տիկին Հարությունյանի խոսքերով, ծրագրերի կատարողականով գերազանց գնահատականի է արժանացել Գլոբալ հիմնադրամի կողմից եւ եկող տարիների համար նույնպես 8 միլիոն եվրո կստանա տուբերկուլյոզով հիվանդ մարդկանց բուժումն իրականացնելու համար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31