Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի պահանջը կարող է կասեցվել դատարանի կողմից

Ապրիլ 05,2014 14:30

Երեւանի քաղաքապետարանի հայցը՝ ընդդեմ Շինարարների փողոցի 15 վթարային շենքի բնակիչների, շարունակվեց Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Քաղաքապետարանը դատարանին հայցապահանջ էր ներկայացրել՝ վթարային շենքում դեռեւս բնակվող մի քանի ընտանիքներին վտարելու մասին: Անցած դատական նիստը հետաձգվեց, քանի որ քաղաքապետարանը պատասխանող կողմին հայցապահանջի օրինակ չէր ուղարկել եւ պատասխանող կողմը դատարանից խնդրել էր հատկացնել ժամանակ, որպեսզի կարողանային գրավոր պատասխան ներկայացնել: Նիստը նախագահող դատավոր Անի Մխիթարյանը պատասխանող կողմից վերցրեց հայցադիմումի գրավոր պատասխանը: Քաղաքապետարանի ներկայացուցիչը դատարանում` Հրանուշ Ներսիսյանն ասաց, որ քաղաքապետարանը պատրաստ է բնակչին տրամադրել իրենց վթարային շենքի բնակարանի սենյակներին համապատասխան սենյակներով նոր բնակարան` նորակառույց շենքում: Դա լսելով, պատասխանող կողմի ներկայացուցիչը` Սերգեյ Մկրտչյանը, ասաց. «Քաղաքապետարանի ներկայացուցիչը, որ անընդհատ շեշտում է, թե տրամադրում են սենյակներին համապատասխան բնակարան, ապա որտե՞ղ է գրված նոր բնակարանի մակերեսը: Երեք սենյականոց բնակարանը կարող է բաղկացած լինի 100 քմ բնակմակերեսից կամ 82 քմ բնակմակերեսից: Մենք կարող ենք ներկայացնել փաստացի ապացույց, որ վստահորդս այժմ բնակվում է 82 ամբողջ 30 քմ բնակմակերես ունեցող բնակարանում, որը քաղաքապետարանը չի ապահովում»:

Անուշ Գասպարյանը, ով ուշադիր լսում էր իր ներկայացուցչի պատասխանը` հարց ուղղեց հայցվոր կողմին. «Քանի՞ քառակուսիից է բաղկացած այն բնակարանը, որ քաղաքապետարանը պետք է տրամադրի մեզ»:

Հայցվոր կողմի ներկայացուցիչն ասաց. «Այդ տեղեկատվությանը ես չեմ տիրապետում»: Խնդիրն այն է, որ քաղաքապետարանի առաջարկած պայմանագրում չկա բնակմակերեսի վերաբերյալ եւ ոչ մի նշում, ուստի դա մտավախություն է առաջացրել պատասխանող կողմին:

Տիկին Անուշը դատարանին հայտարարեց. «Քաղաքապետարանում ոչ ոք ոչ մի տեղեկատվության չի տիրապետում, երբ հարցը վերաբերում է իմ ընտանիքին: Դա նորություն չէ, ուստի ես տիրապետում եմ այդ տեղեկատվությանը եւ կարող եմ հայտարարել, որ նրանց առաջարկած երեք սենյականոց բնակարանը կազմված է 74 կամ 77քմ բնակմակերեսից, իսկ մեր այժմյան բնակարանը կազմված է 82 ամբողջ 30 քմ բնակմակերեսից: Ինչո՞ւ են 6 քմ պակաս տրամադրում: Դե, թող 6քմ մակերես ավել տրամադրեն: Ի վերջո, այդ 6 քմ մակերեսի վրա կարող ենք մի անկողին եւս տեղավորել»:

Այդ հարցերը մնացին անպատասխան, քանի որ հայցվոր կողմի ներկայացուցիչը թույլտվությանը չի տիրապետում: Նա միայն պնդում էր, որ քաղաքապետարանը տրամադրում է իրենց բնակարանի սենյակներին համարժեք բնակարան: Սերգեյ Մկրտչյանը դատարանին ներկայացրեց վթարային շենքում բնակվելու օրդերը: Ներկայացրեց հայցադիմումի պատասխանի մեկ օրինակ քաղաքապետարանի ներկայացուցչին եւ մեկ օրինակ` դատարանին: Այն, որ քաղաքապետարանը հայց է ներկայացրել վթարային շենքից վտարելու պահանջով, դա մեծ խառնաշփոթ է առաջացրել բնակիչների մոտ, քանի որ ինչպես նիստի ժամանակ նշեց Սերգեյ Մկրտչյանը. «Պահանջ եք ներկայացնում շենքից վտարելու, բայց չեք նշում, թե ուր: Եթե փողոց եք վտարում, ապա գրեք, որ փողոց եք վտարում, իսկ եթե շենքից վտարում եք բնակարան, ապա այդպես էլ նշեք: Այդ ընտանիքում 82-ամյա կին կա` տիկին Անգինը, ով հաշմանդամ է եւ ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել: Այդ մեծահասակ կնոջը փողո՞ց եք վտարում»:

Տիկին Ներսիսյանն ասաց, որ բնակիչների դեմ հայց է ներկայացվել ընդամենը վթարային շենքից վտարելու եւ այն էլ իրենց անվտանգության համար, բայց դա չի նշանակում, որ քաղաքապետարանը դուրս է վտարում, այլ նվիրում է բնակարան:
Սերգեյ Մկրտչյանը կրկին շեշտեց, որ քաղաքապետարանն իր վստահորդի բնակարանին համարժեք բնակարան չի տրամադրում եւ անտեսում է ընտանիքում գտնվող անձերի թիվը:

Դատավորի այն հարցին, թե` ո՞ր օրենքով է սահմանված, որ ըստ անձի թվի պետք է որոշվի բնակարանի սենյակների քանակը, պարոն Մկրտչյանն ասաց. «2000 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 682 ՀՀ կառավարության որոշման համաձայն` ընտանիքում 6 եւ 7 անձ լինելու դեպքում պարտավորվում է տրամադրել 4 սենյականոց բնակարան: Անուշենց բնակարանում բնակվում է երկու ընտանիք. Անուշն իր ամուսնու՝ Լեւոն Ծատուրյանի, եւ իրենց տղաների՝ Վահան եւ Հայկ Ծատուրյանների հետ, ինչպես նաեւ Անուշի քույրը` Թամարան, իր մոր` տիկին Անգինի հետ: Փեսան չի կարող քենու կամ զոքանջի հետ համատեղ տնտեսություն ունենա, ուստի իրենք համարվում են երկու առանձին ընտանիքներ»: Դատավորը հայցվոր կողմին ասաց, որ շենքից վտարելու դեպքում քաղաքապետարանը պետք է առաջարկի պայմանագիր, որ այդ մարդիկ բնակվեն նորակառույց բնակարանում, ուստի հայցվոր կողմից հարցրեց, թե որն է իրենց կողմից առաջարկվող պայմանագրի առարկան, որից էլ պարզ դարձավ, որ քաղաքապետարանը տիկին Անուշենց ընտանիքին տրամադրելու է վարձակալության հիմունքով նոր բնակարան:
Դատավորը հարց ուղղեց. «Վա՞րձ եք պահանջելու բնակչից նոր բնակարանի դիմաց», տիկին Հրանուշը պատասխանեց. «Վարձ չենք պահանջելու, այլ որոշակի ժամանակ հետո բնակարանը կտրվի սեփականության ձեւով»:

Այդ ժամանակ Սերգեյ Մկրտչյանը միջնորդություն արեց դատարանին, որ քաղաքապետարանի հայցով դատական գործը կասեցվի, եւ նա դա պատճառաբանեց հետեւյալ կերպ. «Քանի որ Հայաստանի վարչական դատարանում Անուշ Գասպարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի, առ այն, որ իրենց ընտանիքին տրամադրվի երկու առանձին բնակարաններ, ուստի գտնում եմ, որ այս գործը ենթակա է կասեցման` մինչեւ վարչական դատարանի օրինական վճռի հրապարակման օրը»:

Հրանուշ Ներսիսյանն ասաց, որ առարկում է այդ միջնորդությունը, քանի որ չի գտնում, թե այդ երկու հայցերն, ընդհանրապես, իրար հետ կապ ունեն եւ դատարանից խնդրեց, որ պատասխանողի միջնորդությունը մերժվի: Դատավորը կասեցնելու հետ կապված հետաձգեց դատական նիստը եւ կկասեցնի տվյալ գործը, թե ոչ, այդ մասին կհրապարակի, երբ կնշանակի հաջորդ դատական նիստի օրը: «Առավոտի» հետ զրույցի ժամանակ Սերգեյ Մկրտչյանն ասաց, որ իրենց մտավախությունները տեղին են, քանի որ քաղաքապետարանի առաջարկվող պայմանագրում նույնիսկ բնակմակերեսի վերաբերյալ հստակ նշում չկա, իսկ իրենց ներկայացրած պահանջը` շենքից վտարելու վերաբերյալ, իր մեջ չի ներառում, թե որտեղ են վտարում` փողոց, թե` բնակարան: «Առավոտը» հարց ուղղեց նաեւ քաղաքապետարանի ներկայացուցչին, սակայն նա հրաժարվեց հարցերին պատասխանել եւ ասաց. «Ես չեմ կարող ձեր հարցերին պատասխանել, եթե հարց ունեք, ապա կապվեք քաղաքապետարանի տեղեկատվական բաժնի հետ»: Ի դեպ, «Առավոտն» ուսումնասիրեց նաեւ քաղաքապետարանի պայմանագիրը, որը պետք է կնքվի բնակչի եւ քաղաքապետարանի միջեւ եւ նկատեց, որ նորակառույց շենքի բնակարանի մակերեսի վերաբերյալ ոչ մի նշում չկա:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում` Անուշ Գասպարյանն է եւ նրա ներկայացուցիչը դատարանում`
Սերգեյ Մկրտչյանը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930