Մայիսի 21-ին տարբեր բուհերի շուրջ 100 ուսանողներ մասնակցում էին «Առաջնորդենք ապագան. գիտության երիտասարդացում» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոցի աշխատանքներին։ Ուսանողական համայնքն աշխատանքային խմբերում քննարկում էր գիտության երիտասարդացման, ուսանողական ինքնակառավարումների մենեջմենթի, եվրոպական բարձրագույն կրթական դաշտում ուսանողների ներգրավվածության, չճանաչված երկրների քաղաքացիների բարձրագույն կրթության իրավունքի, բուհական ուսանողական շարժումներում արտասահմանցի ուսանողների ինտեգրման հարցերը։
Երիտասարդ գիտնականների դպրոցը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը։ Այն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում։
Հեռակապով ծրագիրը ողջունեցին Եվրոպայի ուսանողական միության նախագահը, Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի ուսանողության հետ կապերի և արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավարը։ Տեսակապի միջոցով դպրոցի աշխատանքներին մասնակցում էին նաև Բժիշկ ուսանողների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի ներկայացուցիչները, տարբեր երկրների ուսանողներ։

Կարդացեք նաև
Ողջունելով երիտասարդ գիտնականների դպրոցի աշխատանքները՝ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը շեշտեց, որ բուհերում ուսումնական պրոցեսը պետք է կազմակերպվի, անցկացվի ու գնահատվի՝ հիմնվելով հետազոտությունների արդյունքում ստացված փաստերի վրա։ Այդ համատեքստում նա կարևորեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Ավագյանի «Ուսանողների առողջական վիճակի հիմնախնդիրները և լուծման ուղիները» գիտական հետազոտությունը։ ԵՊԲՀ ռեկտորը հույս հայտնեց, որ այդ հետազոտությունը կունենա շարունակություն՝ հաջորդ փուլում ընդգրկելով ուսանողության հոգեհուզական վիճակը, որն էապես անդրադառնում է ուսանողների առաջադիմության, առողջության վրա։ Միքայել Նարիմանյանը երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպիչներին կոչ արեց իրենց աշխատանքների վերլուծությունները փոխանցել ռեկտորատ, որոնք կներկայացվեն բուհի գիտխորհրդի առաջիկա նիստում և հաշվի կառնվեն ուսումնական պրոցեսի կազմակերպման հարցերում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն


















































