Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտնականները բողոքում են Հայ եկեղեցու պատմություն առարկայի պարտադիր դասավանդումը վերացնելու ՄԱԿ-ի պահանջի դեմ. «Հայոց աշխարհ»

Մայիս 28,2014 11:46 Share

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ նկատեց, թե «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի պարտադիր դասավանդումը մեզ համար ազգային կենսական նշանակության խնդիր է, ազգային դաստիարակության, կրթության կարեւորագույն հարց ու հենց դրանով անընդունելի է կամավորության սկզբունքով առարկայի ուսուցումը։ Այն միմիայն պետք է լինի պարտադիր: Ի՞նչ իրավունք ունեն խառնվելու մեր կրթական ծրագրերին: Մենք ազգային պետություն ենք, մեր հարցերը ինքներս պետք է լուծենք»:

Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆՆ իր հերթին նկատեց, թե առարկան անպայման պետք է դասավանդվի մեր դպրոցներում, եւ ամենեւին պարտավոր չենք վարվել այնպես, ինչպես մեզանից պահանջում են ինչ-որ կառույցներ. «Մեր ժողովրդի պատմության ընթացքում մեր եկեղեցին ունեցել է կարեւորագույն նշանակություն, հետեւաբար հայոց եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմության մի կարեւորագույն մասն է: Մեր երեխաները, սովորելով այդ առարկան, հնարավորություն են ունենում առավել խորությամբ ուսումնասիրել մեր ժողովրդի պատմությունը, միաժամանակ հաղորդակից լինել հայկական քաղաքակրթությանը, մշակույթին։ Այն կազմում է մեր քաղաքակրթության մասը, ինչը նաեւ համաշխարհային քաղաքակրթության բաղկացուցիչ մասն է»:

Մյուս կողմից՝ գիտնականը նկատում է, որ հայերս, լինելով աշխարհում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին քրիստոնյա ազգը, առավել հատուկ ուշադրություն պետք է դարձնենք մեր եկեղեցուն, ուսումնասիրենք մեր հավատքի առանձնահատկությունները:

Իրենց իրավունքի պաշտպան հռչակած միջազգային կառույցի ներկայացուցիչները չե՞ն գիտակցում, որ նման պահանջն այլ բան չէ, քան մի ողջ ժողովրդի իրավունքի ոտնահարում:

Աստվածաբան ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ դիտարկմամբ, համաշխարհային նման հանդուրժողականությունը կարող է կիրառվել ամերիկյան կամ եվրոպական հասարակության մեջ, ուր կա կրոնական բազմազանություն. շուրջ 100 մլն մարդ հարում է «նոր դար» կոչվող կրոններին, որոնք ոչ մի առնչություն չունեն ավանդական կրոնների հետ: Ինչ վերաբերում է Հայաստանին, ուր բնակչության 90 տոկոսը Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ է, նման չափորոշիչներ պարտադրելը խիստ մերժելի քայլ է:
«Հայ Առաքելական եկեղեցին հայ ժողովրդի ազգային եկեղեցին է, ժողովուրդը գնահատում է նրա ահռելի ներդրումը ոչ միայն հայապահպանության, այլեւ մեր ժողովրդի բարոյական հիմքերի պահպանման հարցում, եւ անընդունելի է խնդրին մոտենալ ամերիկյան կամ եվրոպական չափանիշներով: Հանդուրժողականության նման չափորոշիչը մեր «վրայով» չէ։ Ինչպե՞ս կարելի է մեզ մոտ պարտադրել եվրոպական ինչ-որ բան, որը հանգեցնելու է հասարակական ներդաշնակության խաթարմանը»,- ասում է Վ.Խաչատրյանը։
Աստվածաբանը նկատում է, թե երբ մեզ պարտադրվում է Հայ եկեղեցու պատմություն առարկան հանել դպրոցական ծրագրից տպավորություն է ստեղծվում, թե մեր դպրոցներում տեղի է ունենում բռնություն երեխաների հավատքի կողմնորոշման հարցում: «Եղբա՜յր, նման բան մեզ մոտ գոյություն չունի»:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031