Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահն ինչպե՞ս կարող է մի կողմից Բռնադատվածների հուշահամալիրին, մյուս կողմից այդ ոճիրի հեղինակներից մեկի մահարձանին ծաղիկներ դնել

Հունիս 19,2014 15:15

Տեսնես կլինի՞ մի օր, որ մեր պաշտոնյաներն ու նրանց լուսաբանող ԶԼՄ-ները հիշեն, թե երեկ կամ մոտ անցյալում իրենք ինչ են ասել կամ արել, հիշեն իրենց իսկ կառավարության կողմից ընդունված որոշումների ու հայտարարությունների մասին:

3 դրվագով պարզաբանեմ հարցիս էությունը:

Դրվագ առաջին. ՀՀ կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի հ.258 որոշմամբ 1949 թվականի հունիսի 14-ին զանգվածային բռնաճնշումների 50-ամյակի առթիվ հունիսի 14-ը ճանաչվել է որպես Ստալինյան բռնաճնշումների հիշատակի օր:

Այնինչ, ՀՀ նախագահի պաշտոնական կայքում, կարդում ենք հետևյալ լուրը. «ՀՀ նախագահը 2008թ. դեկտեմբերի 3-ին` Բռնադատվածների օրը, մասնակցել է նաեւ «Հաղթանակ» զբոսայգու դիմացի հրապարակում Բռնադատվածների հուշահամալիրի բացմանը, ծաղիկներ է դրել հուշարձանին»: Նկատեցի՞ք՝ դեկտեմբերի 3-ը ՀՀ նախագահի պաշտոնական կայքում նշվել է Բռնադատվածների օր, իսկ ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ այդ հիշատակի օրը հունիսի 14-ն է հայտարարվել: Հարց է ծագում՝ ո՞ր օրն է ճիշտ:

Երկրորդ դրվագ, բռնադատվածների վերաբերյալ Ստալինի որոշումների տակ ստորագրել է նաև Միկոյանը, ով պատմության առաջ պատասխանատվություն է կրում միլիոնավոր մարդկանց գնդակահարելու, աքսորելու փաստի համար, ում հուշարձանն առաջարկում է դնել այսօրվա իշխանությունը: Ենթադրենք դրվեց, որի բացմանն անպայման գնալու է ՀՀ գործող նախագահը: Պաշտոնական լրատվությունն այն ներկայացնելու է: Տեսնելով այդ ռեպորտաժը՝ մեր ժողովուրդը բնական հարց է տալու. «Չհասկացանք, ՀՀ նախագահն ինչպե՞ս կարող է մի կողմից Բռնադատվածների հուշահամալիրի առջև խոնարհվել ու ծաղիկներ դնել, որի մասին փաստում են նաև պաշտոնական կայքում դրված նկարները, մյուս կողմից մասնակցել այդ ոճիրի հեղինակներից մեկի հուշարձանի բացմանն ու, իհարկե, էլի ծաղիկներ դնել»: Այնպես որ, այս մասին էլ թող մտածեն այն պաշտոնյաները, ովքեր վերջնական որոշում են կայացնելու Միկոյանի արձանը դնելու մասին:

Երրորդ դրվագն էլ այն փաստն է, որ Բռնադատվածների հուշահամալիրի պաշտոնական բացումն արվել է, որին ՀՀ նախագահն անձամբ մասնակցել ու ծաղիկներ է դրել, սակայն, ըստ բռնադատվածների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպության նախագահի, այդ հուշահամալիրը պաշտոնական գրանցում չի ստացել:

Ինչպե՞ս կարող է նման բան պատահել:

Անահիտ Բախշյան
«Բարև Երևան» խմբակցության անդամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30