Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկ Մանուկյանը Հովիկ Աբրահամյան-գործարարներ հավաքից հետո «ինքնամաքրվել» է

Հուլիս 01,2014 18:44

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մոտ մեկուկես ամիս առաջ գործարարների հետ հանդիպում կազմակերպեց եւ խաղի նոր կանոններ սահմանեց: Նա հայտարարեց, որ իր մերձավորներից սկսած՝ բոլոր գործարարները պետք է աշխատեն հավասար դաշտում, պետք է ստվերից դուրս գան, մաքուր եւ ազնիվ աշխատեն:

Այդ ամենի համար Հովիկ Աբրահամյանը գործարարներին մինչեւ հուլիսի 1-ը ժամանակ էր տվել: Այսօր այդ «ինքնամաքրման» ժամկետը լրացել է, եւ Aravot.am-ը գործարար, ԱԺ նախկին պատգամավոր, «Մաքս գրուպի» սեփականատեր Խաչիկ Մանուկյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է փոխվել այս մեկուկես ամսվա ընթացքում, ստվերից դուրս եկե՞լ է:

Խաչիկ Մանուկյանն ասաց. «Բոլոր խնդիրները, հարցերը վերանայվել են: Ես իմ վրա զգացել եմ փոփոխություն: Նորից վերանայել եմ խնդիրները, հարցերը, ծրագրերը եւ այլն, հարաբերությունները հարկայինի հետ, աշխատողների հետ»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, ստվերից որոշ մաս դուրս եկել է՝ պարոն Մանուկյանը արձագանքեց. «Իմ մոտ ստվեր չկա: Ստուգումներ են եղել, 2-3 ստուգում է անցկացվել, նորմալ էր ամեն ինչը: Գյուղատնտեսական արտադրանքի դեպքում ընդհանրապես այնքան պարզ է ամեն ինչ, հստակ է, էլի արտադրողների մոտ: Բայց փոփոխություն կա: Խանութներում, որ առաջ փաստաթղթեր չէին ուզում, հիմա արդեն վերցնում են, համոզվում են, որ ամեն ինչ նորմալ է: Ինչ-որ դրական բաներ կան: Որ շարունակեն այսպես, ավելի աչալուրջ, ավելի հստակ…Մարդիկ հասկացել են, էլի, ինչքան կարելի է: Հիմա կարելի է մի քիչ պետության վրա աշխատել, որ պրոբլեմները լուծվեն»:

Մեր հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ Հովիկ Աբրահամյանի այդ խստությունը որոշ գործարարների վրա կաշխատի, որոշների համար՝ ոչ, այսինքն, արտոնյալ խավ կլինի եւ Դուք անհավասար դաշտում կաշխատեք՝ Խաչիկ Մանուկյանը պատասխանեց. «Ամեն ինչ 100 տոկոսով չի լինում: Ամեն ինչ էլ կարող է լինի: Բայց երբ որ դաշտը, հարկային դաշտը հավասարեցնելու միտում կա, փոփոխություններ կան, որ գործարարներն ավելի հեշտ կաշխատեն եւ ավելի դյուրին»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031