Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես այս ֆիլմում այնպես եմ խաղալու, որ այն դառնա 21-րդ դարի գլուխգործոց». Միխայիլ Դոկին

Հուլիս 08,2014 19:46

«Փոքրիկ վիշապ» լիամետրաժ ֆիլմի նկարահանումները չեն դադարեցվի: Ստեղծագործական խումբը կմեկնի Հոլիվուդ, և հենց այնտեղ էլ կիրականացվեն նկարահանման աշխատանքները:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Արա Առուշը:

«Մոտ կես տարի առաջ ֆիլմի նախապատրաստական աշխատանքներն սկսեցինք: Սակայն ֆիլմը հնարավոր չէ Հայաստանում նկարահանել: Խնդիրը գումարը չէ, մենք ֆինանսական խնդիրներ չունենք,- ասում է ռեժիսորը,- պատճառները տեխնիկական են: Օրինակ՝ չենք կարող Հոլիվուդից մոտ քառասուն մարդ բերել Հայաստան, ավելի լավ է՝ մենք գնանք»:

Արևելյան մարտարվեստների վարպետ, կինոդերասան Բրյուս Լիին նվիրված «Փոքրիկ վիշապ» ֆիլմում ներգրավված են ինչպես հայ, այնպես էլ հոլիվուդյան դերասաններ, որոնց անուններն Ա. Առուշը չցանկացավ նշել, քանի որ դերասանական կազմը դեռ հստակ որոշված չէ:

«Ես այս ֆիլմում այնպես եմ խաղալու, որ այն դառնա 21-րդ դարի գլուխգործոց»,- ասում է «Փոքրիկ վիշապ»-ի գլխավոր դերակատարը՝ տասնհինգամյա Միխայիլ Դոկինը:

Նա իր մեծ ուրախությունն արտահայտեց ֆիլմի՝ Հոլիվուդում հայտնվելու կապակցությամբ. «Սա բացառիկ հնարավորություն է և մեծ հաջողություն»,- ասաց նա և հավելեց, որ միշտ ցանկացել է աշխարհին ցույց տալ, թե ինչի է ընդունակ մարդը և ինչեր կարող է անել: Փոքրիկ դերասանն ասում է, որ հենց այս ֆիլմի օգնությամբ ինքը կկարողանա  դա ապացուցել:

«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Աստղիկ Ավետիսյանն էլ վստահեցնում է, որ շատերին է հետաքրքրում ֆիլմի գաղափարը. «Դա, անշուշտ, կապված է նաև Բրյուս Լի անվան հետ,- ասում է նա,- հետաքրքրությունն ավելի է մեծանում, երբ փորձում են հասկանալ Հայաստան-Բրյուս Լի-Արա Առուշ-ղարաբաղցի 15-ամյա հերոս կապը»:

«Փոքրիկ վիշապ» լիամետրաժ ֆիլմը, ամենայն հավանականությամբ, հանրությանը կներկայացվի 2015 թվականի վերջերին:

Ինչպես տեղեկացրեց Ա. Առուշը, ֆիլմը կնկարահանվի անգլերենով, հետո կթարգմանվի ռուսերեն, գուցե և այլ լեզուներով:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031