Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ըմբշամարտի հավաքականները նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը

Օգոստոս 08,2014 13:01

Հայաստանի հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտերի ազգային հավաքականներն այս օրերին մեկնել են արտագնա հավաքների: Նրանք նախապատրաստվում են սեպտեմբերի 8-ից 14-ը Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Հունահռոմեական ըմբշամարտի հանրապետության ընտրանու գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հավաքականի հիմնական կազմի թեկնածուների հետ միասին այս օրերին գտնվում է Ստայկիում, որտեղ մեր ըմբիշները նախնական պայմանավորվածության համաձայն համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Շվեդիայի, Ֆինլանդիայի, Վրաստանի, Լիտվայի, Բելառուսի լավագույն մարզիկների հետ, որոնք ոչ միայն լավ մարզումային մրցակիցներ են, այլեւ աշխարհի առաջնությունում ապագա հնարավոր մրցակիցներ:

Մեկնելուց առաջ Լեւոն Ջուլֆալակյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ սա հավաքականի նախավերջին հավաքն է, որը նվիրված է լինելու մարզիկների տեխնիկատակտիկական պատրաստվածությանը: Մարզիչն ամփոփելու է ըմբիշների մարզավիճակը, շտկելու նրանց տակտիկական զինանոցում եղած հնարքների կատարումը: Օգոստոսի 18-ին հավաքականը կվերադառնա Երեւան, որտեղ էլ կանցկացնի վերջին ուսումնամարզական հավաքն ու այստեղից կմեկնի Տաշքենդ:

Հարցին, թե որոշվե՞լ է, թե ովքեր են հանդես գալու Տաշքենդում, Լեւոն Ջուլֆալակյանը պատասխանեց. «Վերջնական կազմը կհրապարակվի միայն երեւանյան հավաքի ավարտից հետո: Հիմա հրավիրված են 14 մարզիկներ: Ռոման Ամոյանի, Արամ եւ Արսեն Ջուլֆալակյանների, Արթուր Ալեքսանյանի հետ միասին մարզվում են նաեւ մեր մյուս առաջատար ըմբիշները: Մի քանի քաշային կարգերում լուրջ մրցակցություն կա: Ո՞ւմ կվստահվի հանդես գալ աշխարհի առաջնությունում, կախված կլինի իրենցից»:

Ազատ ոճի հավաքականը վեց ըմբիշով գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ օգոստոսի 2-ից Կիսլովոդսկում է, որտեղ մարզվում է Ռուսաստանի ընտրանու հետ: Արայիկ Բաղդադյանն արդեն կողմնորոշվել է ընտրության հարցում: Հավաքում ընդգրկված են հիմնականում այն ըմբիշները, որոնք Տաշքենդում մտնելու են աշխարհի առաջնության մրցագորգ: Նրանք են. Գարիկ Բարսեղյան, Վոլոդյա Ֆրանգուլյան, Դավիթ Սաֆարյան, Գրիգոր Գրիգորյան, Մուսա Մուրթազալիեւ եւ Էդգար Ենոքյան:
Ի տարբերություն հունահռոմեականների, ազատ ոճայինները Կիսլովոդսկից միամգամից մեկնելու են մրցավայր եւ վերջին հավաքն անցկացնելու են Ուզբեկստանում` համատեղ աշխարհի առաջնության մասնակից մյուս երկրների հետ:

«Առավոտի» տեղեկություններով 97 կգ քաշային Էդգար Ենոքյանը Կիսլովոդսկում վնասել է ուսահոդը եւ ի վիճակի չէ շարունակել մարզումները: Մեզ հետ հեռախոսազրույցում գլխավոր մարզիչը հաստատեց լուրը: Հարցին, թե որքա՞ն ժամանակ է պահանջվելու ապաքինվելու համար եւ հնարավո՞ր է, որ նա չմասնակցի աշխարհի առաջնությանը, Արայիկ Բաղդադյանը պատասխանեց, որ մարզիկի ուսահոդն է խախտվել եւ նա ստիպված է մոտ 12-13 օր թեւն անշարժ պահել: «Ամենայն հավանականությամբ Էդգար Ենոքյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը», – ասաց մարզիչը:

Հետաքրքրվեցինք, թե նրան փոխարինող կլինի՞ Տաշքենդում, ասենք, Վիկտոր Կազիշվիլին, պարոն Բաղդադյանը պատասխանեց, որ վերջինը մեկնել է Զագրեբ` մասնակցելու աշխարհի երիտասարդների առաջնությանը: «Տեսնենք, թե նա իրեն այնտեղ ինչպես կդրսեւորի: Եթե լավ մասնակցի եւ հույսեր ներշնչի, հնարավոր է, որ հրավիրենք, իսկ եթե ոչ, այդ քաշային կարգում Հայաստանն աշխարհի առաջնությունում ներկայացուցիչ չի ունենա»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

07.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031