Լրահոս
Օրվա լրահոսը

Մամիկոն Խոջոյան կտտանքների ենթարկելու գործի վարույթը անհաղթահարելի ուժի հիմքով կասեցված է. pastinfo.am

Օգոստոս 08,2014 12:21

2014թ. հունվարի 28-ին ՀՀ քաղաքացի, 77-ամյա Մամիկոն Խոջոյանը Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղի մոտակայքում, տեղանքում չկողմնորոշվելով, հատել էր ՀՀ պետական սահմանը, անցել Ադրբեջանի Հանրապետության տարածք և գերևարվել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից: Խոջոյանը մինչև մարտի 4-ը գերության մեջ էր մնացել, այդ ընթացքում մի խումբ անձանց կողմից ազգային, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթով, առանձին դաժանությամբ՝ Խոջոյանի առողջությանը պատճառվել են կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ 2014թ. մարտի 6-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 6-րդ և 12-րդ կետերով: Գործի շրջանակում նշանակված դատաբժշկական փորձաքննությունը պարզեց կտտանքների ողջ պատկերն ու խորությունը:

Այսպես, փորձագետների հետևությունների համաձայն՝ գլխի գագաթային և աջ բազկի շրջանների սալջարդ վերքերի, ձախ ականջախեցու վնասվածքի, աջ այտային, աջ ուսահոդի, կրծքավանդակի, աջ ծնկան հոդի, աջ սրունքի շրջանների բազմաթիվ քերծվածքների, աջ բազկի շրջանի կտրած վերքի, աջ բազկի շրջանի նախկինում եղած վերքերի՝ ներկայիս սպիների, ձախ բազկի, ձախ նախաբազկի, զույգ ազդրերի շրջանների արյունազեղումների, երկկողմանի բազմաթիվ կողոսկրերի կոտրվածքների, աջից ծղիկոսկրի և ճաճանչոսկրի կոտրվածքների, աջ բազուկոսկրի բազմաթիվ բաց բազմաբեկորային՝ ոսկրային դեֆեկտի առաջացումով կոտրվածքների ձևով, միասին վերցված առողջությանը պատճառել են ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Գլխի և աջ բազկի շրջանների սալջարդ վերքերը, ականջախեցու վնասվածքը, ձախ բազկի, ձախ նախաբազկի, զույգ ազդրերի շրջանների արյունազեղումները պատճառվել են բութ, կոշտ առարկաներով, որոնք ինչպես միասին, այնպես էլ առանձին վերցված՝ առողջությանն առաջացրել են թեթև վնաս՝ առողջությանը կարճատև քայքայումով: Աջ այտային, աջ ուսահոդի, կրծքավանդակի, աջ ծնկան հոդի, աջ սրունքի շրջանների քերծվածքները պատճառվել են նույնպես բութ, կոշտ առարկաներով, որոնք ինչպես միասին, այնպես էլ առանձին վերցված՝ առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում:
Ըստ փորձաքննության՝ աջ բազկի կտրած վերքը պատճառվել է սուր կտրող գործիքով, որն առաջացրել է առողջության թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Կողոսկրերի երկկողմանի բազմաթիվ կոտրվածքները պատճառվել են բութ, կոշտ առարկաներով, որն ուղեկցվել է կրծքավանդակի դեֆորմացիայով, պատճառել են առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող: Աջ ծղիկոսկրի և ճաճանչոսկրի կոտրվածքները պատճառվել են բութ, կոշտ առարկաներով և առողջությանը միջին ծանրության վնաս են առաջացրել՝ առողջության տևական քայքայումով: Աջ բազկի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորումը՝ ուղեկցված բազուկոսկրի բաց բազմաբեկորային կոտրվածքով, հետևանք է գնդակով լիցքավորված հրազենից արձակված կրակոցի, ինչի մասին վկայում են բազկի առաջային և հետին մակերեսների վերքերը՝ ներկայիս սպիները, որն առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Այս գործի վարույթը այս պահի դրությամբ անհաղթահարելի ուժի հիմքով կասեցված է. Ադրբեջանը թեև պատասխանատու է՝ իր տարածքում տեղի ունեցած այս առանձնապես դաժան հանցագործության համար, սակայն որևէ քայլ չի ցանկանում ձեռնարկել՝ մեղավորներին ի հայտ բերելու ուղղությամբ:

Սոնա ՄԱՇՈՒՐՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031